«Կապրենք, կտեսնենք». Գաբրիել Ղազարյանը` նախարարության օպտիմալացման մասին

Նախարարության միավորումից հետո հայկական սպորտի վիճակը կփոխվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, առաջին փոխնախարար Գաբրիել Ղազարյանը կարծում է, որ նախարարության փակումը չի անդրադառնա ոլորտում առկա իրավիճակի վրա։

«Չեմ կարծում, որ պետք է բացասաբար անդրադառնա։ Եթե բացասական ազդեցություն լինի, ապա կնշանակի, որ աշխատանքը սխալ է տարվում... Նախարարությունները պարզապես միավորվում են», – Sputnik Արմենիային ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով` ֆիզիկական կուլտուրան և սպորտը պետք է ուշադրության կենտրոնում լինեն։ Ղազարյանը կարծում է, որ նախարարությունների միավորումից հետո դժվար թե փոփոխություն լինի ոլորտի ֆինանսավորման առումով։

Հետաքրքրվեցինք` այդ դեպքում միավորված նախարարության շրջանակում կբարձրանա՞ աշխատանքի արդյունավետությունը «Կապրենք, կտեսնենք»,– պատասխանեց նա։

Նախարարությունների օպտիմալացման հարցում սիրողական մոտեցում է ցուցաբերվել. Արթուր Խաչատրյան

Նշենք, որ օպտիմալացումից հետո 17 նախարարությունից կմնան 12-ը։ Նոր կառավարությունում այլևս չեն լինի մշակույթի, սփյուռքի, էներգետիկայի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները որպես առանձին գերատեսչություններ։ Դրանք կընդգրկվեն այլ կառույցների կազմում։

Արդյունքում կգործեն արտգործնախարարությունը, պաշտպանության նախարարությունը, ԱԻՆ–ը, արդարադատության նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, առողջապահության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության նախարարությունը։