Ցածր կենսաթոշակ ստացած թոշակառուներին հավելյալ գումարներ կվճարվեն

Կառավարությունը որոշեց անհետաձգելի կարգով հաստատել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը։ Օրենքին կտրվի հետադարձ ուժ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հրատապ կարգով ուղարկվեց Ազգային Ժողով։

Նման որոշում կայացվեց այսօր, կառավարության նիստում։ Որոշումն ընդունվեց առանց քննարկման։

Կբարձրանա՞ն արդյոք աշխատավարձերը և կենսաթոշակները. պարզաբանում է տնտեսագետը

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված օրենքի նախագծից պարզ է դառնում, որ օրինագծի հիմնական նպատակն աշխատանքային և զինվորական կենսաթոշակների նվազագույն շեմ սահմանելն  է։

Շեմը հավասարեցվում է Հայաստանում 2019թ.–ի հունվարի 1-ից հաստատված նվազագույն կենսաթոշակի չափին։

Հիշեցնենք` 2018թ.–ին կառավարությունը որոշում ընդունեց բարձրացնել նվազագույն կենսաթոշակներն ու նպաստները աղքատության պարենային գծից և նվազագույնը սահմանել 25 000 դրամ։

Այս որոշումն ուժի մեջ է մտել  2019 թվականի հունվարի 1-ից, որից հետո ստեղծվել է իրավիճակ, երբ աշխատանքային ստաժ ունեցող որոշ թոշակառուների կենսաթոշակն ավելի ցածր է, քան ստաժ չունեցող նպաստառուների նպաստի չափը:

Հետևաբար, կառավարությունն առաջարկում է օրենքին տալ հետադարձ ուժ և նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակներն ավելացնել 2019 թվականի հունվարի 1-ից: Օրենքի ընդունումից հետո կվերահաշվարկվեն ս.թ. հունվարի 1-ից հետո վճարված կենսաթոշակները և թոշակառուներին կվճարվի տարբերությունը։

Կառավարությունը որոշեց օրենքի նախագիծը համարել անհետաձգելի և քննարկել ՀՀ Ազգային ժողովի առաջիկա նիստում: