Տիգրան Սարգսյանի քույրը դատի է տալիս Բժշկական համալսարանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քույրը պահանջում է անվավեր ճանաչել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը` Աննա Սարգսյանը, որ 12 տարի շարունակ աշխատել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում որպես օտարերկրացիների ուսուցման դեկան, այդ բուհի դեմ դատական հայց է ներկայացրել»:

Թերթի տվյալներով` նախկին վարչապետի քույրը պահանջում է անվավեր ճանաչել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը և վերականգնել նախկին պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Աննա Սարգսյանը մասնակցել է համալսարանում դեկանի ընտրություններին և 56 դեմ, 7 կողմ ձայներով չի ընտրվել դեկանի պաշտոնում: Ընդ որում, այդ բուհում դեկանի ընտրություններ տեղի են ունեցել բոլոր ֆակուլտետներում:

«Եվ, ահա, մյուսներն ընդունել են ընտրությունների արդյունքները, իսկ նախկին վարչապետի ազգականը` ոչ` դիմելով դատարան: Փաստորեն, Հայաստանում երկու ցմահ պաշտոններ զբաղեցնող անձ կա՝ Գարեգին Երկրորդը եւ Տիգրան Սարգսյանի քույրը»,–գրում է թերթը: