Փաշինյանը խոստացավ ամեն բան անել, որ դատավորները «սրա–նրա ձեռքին չնայեն»

Ներկայում սոցիալական փաթեթից օգտվում է 250 000 պետական ծառայող, որոնց առաջիկայում կմիանան նաև 150 դատավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Մենք պետք է այնպես անենք, որ մեր դատավորները սրա–նրա ձեռքին չնայեն։ Այսօր կառավարության նիստում, դատավորների սոցիալական երաշխիքների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ դատավորների անկախության ու համակարգում կոռուպցիայի վերացման համար կարևոր է նրանց սոցիալական ապահովությունը։ «Մենք այսօր հասել ենք պետական համակարգի թափանցիկության աննախադեպ մակարդակի»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` կարևորելով նույն բարեփոխումները նաև դատական համակարգում իրականացնելը։

Կառավարության նիստը սկսվեց անակնկալով

«Մեր հեղափոխությունը հոկտեմբերյան հեղափոխությունը չէ, որ պատերի տակ գնդակահարում էին հակառակողներին, բաժանում էին կարմիրների ու սպիտակների, մեր դեպքում` սևերի ու սպիտակների։ Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, և յուրաքանչյուրը պետք է փոխվելու, նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս ունենա։ Բայց հակառակի շանսը` նախահեղափոխական արժեքներին, հարաբերություններին վերադառնալու շանս չպիտի լինի»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև, որպես ՀՀ վարչապետ, խոստացավ որ ցանկացած նման փորձ կկասեցվի։

«Կկասեցվի ամենախիստ ձևով` լինի դա ասֆալտին փռելու, պատերին տալով, թե որևէ այլ օրինական միջոցներով»,– ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է դատավորներին վերաբերող նախագծին, դրանով նախատեսվում է դատավորներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։ Այլ կերպ ասած` նրանց իրավունք կտրվի օգտվել պետական ծառայողներին տրված արտոնություններից` առողջապահական ապահովագրություն և հանգիստ Հայաստանում կամ Արցախում` պետական բյուջեից հատկացվող միջոցներով։

Քննարկման ժամանակ նշվեց, որ ներկայում այդ իրավունքից օգտվում է 250 000 պետական ծառայող, որոնց առաջիկայում կմիանան նաև 150 դատավոր։