Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեր` ոչ նյութական արժեքների ցանկը համալրելու համար

ՀՀ կառավարությունն առաջիկայում կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայաստանյան ոչ նյութական ժառանգության ևս 5 արժեք ճանաչելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստանի կառավարությունը մտադիր է ավելացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանվող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը։

Մշակույթի նախարարության առաջարկով համաշխարհային մշակութային արժեքների շարքում կդասվեն որդան կարմիրը և դրա մշակմանն ու կիրառությանը վերաբերող գիտելիքները, Գյումրվա կլկլանը, կամ ինչպես տեղացիներն են ասում` մուշուրբան։

Երևանի կապույտ մզկիթը կներառվի՞ ՅՈՒՆԵՍԿՕ–ի նախնական ցանկում

Դա պղնձից և արույրից պատրաստված, ներսից անագապատ կանթավոր ջրաման է, որն իր անվանումը ստացել է հատակի հատուկ կառուցվածքի շնորհիվ, որով պայմանավորված  դրանից ջուր խմելու և թափվելու ժամանակ առաջացող պղպջակները յուրահատուկ ձայն են արձակում։

Պահպանման ներկայացվող մյուս արժեքներն են ավանդական ստվերների տիկնիկային թատրոնը, պարկապզուկ նվագարանը, կամ, ինչպես ընդունված է կոչել` տիկը, և հայկական ժողովրդական մարտախաղը` կոխը։ Այն ժամանակակից ըմբշամարտ հիշեցնող խաղ էր, որն ուղեկցվում էր զուռնայի, դուդուկի, դհոլի երաժշտությամբ։ Հատուկ պարեղանակի ներքո մրցողները դեմ դիմաց պարում էին, ապա կենտրոն դուրս գալով` մրցում` կոխ բռնում։

Կառավարության այսօրվա նիստում այս բոլոր ազգային արժեքները որոշվեց ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվող մշակութային ժառանգության ցանկում` որպես անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքներ։