ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Այս կարգավորումը նախատեսող օրենսդրական փաթեթեն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։
Ինչպես հայտնեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանը, նոր օրենքը թույլ է տալու բացահայտել յուրաքանչյուր հանքի հետևում կանգնած սեփականատիրոջը, ընդ որում`անգամ օֆշորային գոտում գրանցված հանքերի տերերը պետք է բացահայտվեն, այլապես կզրկվեն հանքարդյունահանման լիցենզիայից։
Հարցի քննարկման ընթացքում վարչապետը հիշեց, որ ՏՄՊՊՀ–ից ամիսներ առաջ մի փաստաթուղթ է ստացվել, որտեղից պարզ էր դառնում, որ ՀՀ հանքերի մեծամասնության իրական սեփականատերերը հայտնի չեն։ Դրանք գրանցված են օֆշորներում։
«Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին ուսումնասիրության»,– ասաց Փաշինյանը` դիմելով էներգետիկայի նախարարի տեղակալին, որին վերահասցեագրվել էր նշված գրությունը։ Նա նշեց, որ այդ գրությունից տպավորություն էր, թե հայաստանյան հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից։