ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստան ներմուծվող ցեմենտի ծավալը 1 տարվա ընթացում 3 անգամ աճել է։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Սա նշանակում է, որ Հայաստանում ցեմենտ արտադրող 2 ընկերությունները, որոնք միասին ունեն 2 մլն արտադրական հզորություն, չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքի առնվազն 1/3-ը»,– ասաց նախարարը։
«Մենք կատարել ենք ուսումնասիրություններ` ՊԵԿ–ի հետ, և եկել ենք այն եզրակացության, որ անհրաժեշտ է կիրառել պաշտպանական միջոց։ Տրամաբանական չափն է սահմանել 1 տոննայի համար 22 000 դրամ, ինչը թույլ կտա ներկրվող ցեմենտը Հայաստան հասցնել մոտավորապես նույն արժեքով, ինչ ունի տեղում արտադրվողը»,– ասաց Խաչատրյանը։
ՀՀ վարչապետը հարց ուղղեց նախարարին` արդյո՞ք մեր արտադրողներն ամեն ինչ անում են իրենց արտադրությունն արդիականացնելու ու մրցակցային դարձնելու համար։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ իրեն ներկայացված տեղեկանքի համաձայն` 2017թ–ին 1տ ցեմենտի ինքնարժեքն արտադրողների համար 41 000 դրամ էր։ Էներգախնայողական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում տարեվերջին դրա գինն իջել է մինչև 38 000 դրամ։ Նախարարը վստահեցրեց, որ այս տարվա ընթացքում արտադրողները պատրաստվում են ևս մեկ նման քայլ իրականացնել։
«Շատ կարևոր է, որ արտադրողները մեր այս ուղերձը չընկալեն` մենք պաշտպանվեցինք, կարող ենք գնալ, հանգիստ մեր գործով զբաղվել»,– ասաց վարչապետը` կարևորելով, որ ոչ միայն ցեմենտի, այլև ՀՀ բոլոր արտադրողներն աշխատեն իրենց արտադրությունն արդիականացնելու ու ինքնարժեքն էժանացնելու ուղղությամբ։
Ցեմենտի մաքսային դրույքաչափերի բարձրացմանն ուղղված օրենսդրական նախագիծը հաստատվեց ու ուղարկվեց ԱԺ։
Հիշեցնենք` Հայաստանում ցեմենտ արտադրող երկու ընկերություններ են «Արարատ ցեմենտը» և «Հրազդան ցեմենտը»։