Նախարարը Թումանյանի քառյակն անգիր չգիտի. Արայիկ Հարությունյանի խոստովանությունը

Կրթության և գիտության նախարարը բացատրեց, թե ինչու է պայքարում ազգային դպրոցի և հայալեզու կրթության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում խոստովանեց` Հովհաննես Թումանյանի քառյակն անգիր չգիտի։

«Ես որևէ բան անգիր չեմ սիրում հիշել»,– ասաց նախարարը` հավելելով, որ իր համար տարօրինակ է, որ թումանյանական միջոցառումից ուշադրության է արժանացել իր` թղթից կարդալու հանգամանքը։

«Ես ունեմ ռուսական կրթություն։ Իմ բացասական փորձառությունից եմ ասում` շատ վատ է դասավանդվել մեր դպրոցում հայ գրականությունն ու հայոց լեզուն։ Դրա համար եմ ես պայքարում ազգային դպրոցի ու հայալեզու կրթության համար։ Որպեսզի մեր աշակերտներն անգիր ասելիս այսուհետ խնդիր չունենան»,– ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` փետրվարի 19-ին Դսեղում Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը հանրության ուշադրությունից չէր վրիպել, որ Թումանյանի հայտնի քառյակը նախարարն ընթերցել էր թղթից։