Հալվող միլիոնները. ԵՊՀ ռեկտորի դեմ արշավը աղետ չի դառնա՞ Հայաստանի իմիջի համար

«Թավշյա» իշխանափոխությունից հետո այլ գործընթացների շարքում մեկնարկել է երկրի բուհերի ռեկտորներին փոխելու արշավը. նրանք, բնականաբար, «նախկինների մեղսակիցներն» են։ Արամ Սիմոնյանը՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորը, առաջարկ է ստացել լքել պաշտոնը Մայր բուհի հարյուրամյակից առաջ։ Երեքշաբթի Սիմոնյանը գումարել է ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Արամ Սիմոնյանին առայժմ հաջողվում է զսպել «հեղափոխական» հարձակումները և մնալ իր պաշտոնում։ Նա ասում է, որ եթե հիմա գնա, ապա փոքրոգություն կդրսևորի և կստացվի, որ ինքն անուղղակիորեն ընդունում է իրեն ուղղված մեղադրանքները։ 2020թ–ին ավարտվում է Սիմոնյանի լիազորությունների ժամկետը, ինչո՞ւ մի քիչ չսպասել. ռեկտորն ասում է, որ այդ ժամանակ ինքը կհեռանա։

Ոստիկանությունն ապօրինություններ է բացահայտել ԵՊՀ–ում. տեսանյութ

Հիմա չենք պատմի անցած տարի Սիմոնյանի դեմ սկսված արշավի պատմությունը, կողմերից որևէ մեկին չենք պաշտպանի, թեև կարելի է պնդել, որ եթե հանձնաժողովները ԵՊՀ–ում ստուգումների ժամանակ ինչ–որ քրեական բան գտնեին, ռեկտորն արդեն կգտնվեր քննության տակ։ Առնվազն։

Ուղղակի վերցնենք նրա ելույթի մի քանի դրույթներ` ասված Մայր բուհի գիտխորհրդի արտահերթ նիստում։ Սիմոնյանը, մասնավորապես, ասել է այն մասին, որ Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ է իրականացրել համալսարանում, իսկ երբ ռեկտորը կարծիք է հայտնել, որ նա ենթարկվում է քաղաքական ճնշումների, արձագանքել է ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը` ասելով (այլ մեղադրանքների շարքում), որ Համալսարանին հասցվել է 800 միլիոն դրամի վնաս (ավելի քան 1,6 միլիոն դոլար)։

Անմեղության կանխավարկածը խախտվել է. ԵՊՀ–ն հերքում է ոստիկանության հայտարարությունը

Նշենք, որ ծառայության ղեկավարը դա հայտնել է ստուգումների ավարտից առաջ. թեպետ նախնական, փաստերի վրա չհիմնված եզրակացությունները և հայտարարությունները բնորոշ են նոր իշխանությունների ներկայացուցիչներին, և միայն Սանասարյանը չէ, որ այդպես է վարվում։ Եվ եթե նման վնաս իսկապես բացահայտվել է, ապա ինչո՞ւ չեն ձեռնարկվում համապատասխան միջոցներ։ Դա նույնպես անհասկանալի է։

Ահա թե ինչ է ասել ռեկտորը.

«Սկզբում հայտարարված 800 մլն դրամի չափով արձանագրված չարաշահումներից իջան մինչև 500 մլն դրամ, հետո դրանից էլ պակասեցրին, այնուհետև մեր բացատրություններով պարզաբանեցինք, որ դրանք բացառապես վարչական կամ աշխատանքային թերություններ են, կանոնակարգային ինչ-ինչ թերացումներ, որոնք ոչ մի կապ չունեն քրեածին կամ քրեական գործընթացների հետ։ Հիմա, երբ այդ ծառայության ներկայացուցիչներին լրագրողները հարցնում են, թե ինչ փուլում են գտնվում ստուգումները այլ բուհերում, ստանում են պատասխան, որ մինչև դրանք չավարտվեն, ոչինչ չեն կարող ասել: Նկատեք, թե տրամադրությունների ինչ տարբերություն է տիրում: Մեր դեպքում ստուգումները դեռ չավարտված՝ հայտարարում էին 800 մլն դրամ չարաշահումների մասին, իսկ այժմ շատ զգույշ ասում են, որ դրանք պետք է ավարտվեն»։

Սիմոնյանը պատմել է նաև այն մասին, որ վերջերս Հայաստանի կրթության և գիտության նախարարը զրուցել է իր հետ և առաջարկել հրաժարական տալ։

«Ես այս ամիսների ընթացքում խոսել եմ այն մասին, որ մոտենում է ԵՊՀ 100-ամյակը, և պետք է կառավարական հանձնաժողով կազմել, բայց ինձ բացատրեցին, որ այն չի ստեղծվում, որովհետև չեն ուզում ինձ հետ նշել այդ տոնը, այլ ուրիշ ռեկտորի հետ: Այդպես ասաց մեր նախարարը», – ասել է Սիմոնյանը։

Ռեկտորն ասել է, որ հրաժարական չի տալու, մինչև այս պղտորը չպարզվի, մինչև այս ստուգումների արդյունքները չպարզվեն, քանի որ այս փուլում իր հրաժարական տալը կնշանակի` նա ընդունում է, որ կեղծարարություններ եղել են և ինքը դրա գլխավոր մեղսակիցն է, այսինքն՝ ընդունում է այն բոլոր մեղադրանքները, որոնք հնչել են համալսարանի ղեկավարության հասցեին:

Սիմոնյանը դեռ շատ է խոսել, բայց կանգ առնենք մեջբերման վրա։ Եվ կրկին չենք փորձի սպիտակացնել կամ, հակառակը, սևացնել կողմերից որևէ մեկին, տրամաբանորեն մտածենք։

Բանն այն է, որ ռեկտորին հազիվ թե կարելի է մեղադրել հերյուրանքի, առավել ևս պետական պաշտոնյաներին և պետական մարմիններին զրպարտելու մեջ, ստի ոտքը կարճ է, իսկ իշխանության ներկայացուցիչներին զրպարտելը շատ արագ հերքվում է և համապատասխան արձագանք է լինում։ Եթե արձագանք համարել ծախսված գումարը 800 միլիոնից մինչև 500 նվազեցնելը, հետո էլի ու էլի, ապա ակամա համոզվում ես, որ Սիմոնյանն ասում է այն, ինչ կա։

Անկեղծ ասած` նոր իշխանություններին բնորոշ է մինչև ստուգումների և քննությունների ավարտը անմեղության կանխավարկածը խախտելը, մարդկանց զանցանքների և հանցանքների մեջ մեղադրելը։

«Դավիթ Սանասարյանն իրեն վերագրել է ՀՀ վարչապետի գործառույթը». ԵՊՀ ռեկտոր . տեսանյութ

Դա, ցավոք, համապատասխանում է ժամանակի ոգուն, և եթե դա գիտակցված է արվում, ապա դրա բացատրությունը մեկն է. արդեն վաղուց կիրառվում են այսպես կոչված «անցումային արդարադատության» տարրեր, որին իշխանությունները ձգտում էին։ Լավ, բայց այդ ժամանակ թեկուզ պետք է հայտարարել, որ նման «արդարադատությունը» արդեն հաստատվել է թեկուզ նրա համար, որպեսզի վերջ տան ճնշումների և անհիմն մեղադրանքների մասին խոսակցություններին։

Ի դեպ, բռնաճնշումները և մեղադրանքների անհիմն լինելը չեն դադարի այդպիսին լինել նույնիսկ այդ դեպքում, ուղղակի կսկսեն դիտարկվել այլ անկյան տակ` «արդարադատության» տեսանկյունից, որն առանց չակերտների գրելն անհնար կլինի։

Ինչ վերաբերում է առաջարկին, որ Սիմոնյանն ինքնակամ հեռանա, որպեսզի Համալսարանի հոբելյանը նշեն առանց նրա, ապա այստեղ մեկնաբանելու բան չկա։

Եթե նման առաջարկ իսկապես հնչել է, ապա դա ուժեղ հարված է պետության, իշխանության, նախարարության և երկրի գլխավոր բուհի հեղինակությանը։

Հենց նման հաջորդականությամբ, և եթե ինչ–որ մեկը չի հասկանում իմիջային աղետի մասշտաբները, ապա դա, միևնույն է, չի դադարի աղետ լինել։