Շատ կարևոր է. ՊՆ–ն դիմել է պատերազմի վետերանների հարազատներին

Պաշտպանության նախարարությունը խնդրում է ակտիվորեն ներգրավվել նախաձեռնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին` խնդրելով ուղարկել նրանց տվյալներն ու նկարները։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարգելի հայրենակիցներ սա շատ կարևոր է, խնդրում եմ ակտիվորեն ներգրավվել այս հարցում: Հասկանալի է, որ մեր պապերն ու տատիկները կամ մահացել են արդեն կամ հասկանալի պատճառներով իրենք չեն կարող այդ նկարներն ու տվյալները մեզ ուղարկել: Խնդրում եմ գտեք և ուղարկեք նրանց նկարները: Նկարները կամ համազգեստով լինեն, կամ գոնե մեդալներով»,– գրել է նա:

Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ):

ՊՆ–ն խնդրում է լուսանկարները և տվյալները ուղարկել modpress@mil.am, hayzinvor@mil.am հասցեներին` կատարելով «1941-1945» նշումը: