Ռոբերտ Քոչարյանը նոր հայտարարություն է տարածել

ՀՀ երկրորդ նախագահը հիշել է, թե որտեղ էր ինքը մեկ տարի առաջ, խոսել է նաև «իշխանության եկած մարդկանց» մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սթափության կոչով դիմել է հայրենակիցներին։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում։

Ռոբերտ Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

«Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում էի, ուր իմ բազմաթիվ մարտական ընկերների ու զինակիցների հետ հնարավորություն ունեցա մասնակցելու շարժման հոբելյանին նվիրված միջոցառումներին, վերհիշելու մեր անցած ճանապարհը: Այդ օրը գոհունակությամբ արձանագրեցի, որ ազատության ոգին, ինչպես և երեք տասնամյակ առաջ, թևածում է Արցախում: Դա հիրավի անգին արժեք է»,– գրել է նա:

Քոչարյանը կարծում է, որ այս օրն ավելի մեծ գնահատանքի է արժանի, քան ընդունված է:

«Ղարաբաղյան շարժման դերն ու տեղը հայ ժողովրդի պատմության մեջ առանցքային է, որքան էլ օրվա պատեհությամբ առաջնորդվող մարդիկ փորձեն նվազեցնել այն: Վստահ եմ, որ գալիք սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն դրա ահռելի նշանակությունը»,– նշել է նա:

ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ հայրենակիցներին դիմելու մեկ այլ պատճառ էլ կա։

«Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին: Եվ նշանակություն չունի՝ այդ ամենն արվում է արտաքին ուղևարի դրդմամբ, կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար: Միևնույն է՝ բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է` դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար»,– գրել է նա:

Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

Քոչարյանը նշել է, որ այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել։

«Մեր երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են: Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ: Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար են մեզ համար: Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք»,– եզրափակել է նա։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։