Անպետք պետքարան կամ «բուրումնավետ» լայվ. երբ նախարարը մտնում է ավտոկայանի զուգարան

Օրվա «բոցը», պատկերավոր ասած, ապահովեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարն այցելել էր Երևանի կենտրոնական ավտոկայան, որի տեղակայման վայրը նկատի ունենալով` հաճախ նշում են որպես «Կիլիկիա» ավտոկայան:
Sputnik

Հա, հարգարժան նախարարը այս անգամ էլ չհիասթափեցրեց: Նա բռնեց և ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ մայրաքաղաքի կենտրոնական ավտոկայանի… զուգարանից:

Չնայած, ավելի տեղին կլիներ դա անվանել պետքարան: Չնայած, եթե լիովին իրողությանը համահունչ արտահայտվենք, ապա տեղին է արտաքնոց բառը:

Ալեն Սիմոնյանը հասկանում է դաշնակցականներին, բայց հիմնի տեքստի մրցույթ է հայտարարում

Դե, այդ ավտոկայանից հայրենի որևէ քաղաք կամ այլ բնակավայր մեկնած և սպասելու ընթացքում կարիք ունեցած հազարավոր հայրենակիցները, պարդոն, մոտիկից են ծանոթ խայտառակ պատկերին: Երեկ տրանսպորտի նախարարն էլ իմացավ: Ու նաև ցուցադրեց` վերահաստատելով, որ «սայլը դեռ նույն տեղում է», ինչպես երևի վերջին մի քանի տասնյակ տարիներին: Ի՜նչ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ի՜նչ 21-րդ դար: Լրիվ խորը միջնադար էր, այն էլ՝ խուլ գավառական:

«Խայտառակ վիճակ է, հակասանիտարական,-արձանագրեց նախարարը:-Միանգամից զգացվում է, որ ընդհանրապես որևէ աշխատանք տասնյակ տարիների ընթացքում չի արվել: Կարող եմ ասել` անհնար է օգտվել այս ամեն ինչից, խնդրեմ, ձեր աչքով տեսեք…»:

Տեսանք: Նաև լսեցինք, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկելու, որպեսզի նորմալ պայմաններ ստեղծվեն, մարդիկ էլ կարողանան բնական կարիքները հոգալ մարդավայել պայմաններում:

Մեզ հետաքրքրեց, օրինակ, թե ինչո՞ւ է նման պատկեր: Զանգահարեցինք «Հայավտոկայարան» ՓԲԸ, որի տնօրինության ներքո էլ գտնվում (գործում) է կենտրոնական ավտոկայանը, ի թիվս մյուս նման՝ միջքաղաքային ուղևորափոխադրումների համար կարևոր հաստատությունների: Զանգելը՝ զանգեցինք, իհարկե, բայց պարզվեց «Հայավտոկայարանի» գլխավոր տնօրեն պարոն Մնացականյանը զբաղված է, ինչպես զանգին պատասխանած աշխատակիցը նշեց՝ իր մոտ ժողով է:

Դա էլ, ինչ խոսք, տրամաբանական էր: Էլ ի՞նչ է մնում անել նախարարի նման «բուրումնավետ» լայվից հետո, եթե ոչ՝ ժողով:

Ռեստորանները չեն փակվի. ի՞նչ են պայմանավորվել իշխանությունն ու ռեստորատորները

Առհասարակ, զուգարանա–արտաքնոցային հարցը մայրաքաղաքում լուրջ է: Ու արժե այդ խնդրով հիմնովին զբաղվել՝ ի շահ երևանցիների ու մեր զբոսաշրջող հյուրերի: Դե, ավտոկայաններում, իհարկե, առաջին հերթին: Բայց մի՞թե դա այն հարցն էր, որ հենց նախարարի լայվ միացմամբ բարձրացվի: Կարելի էր, մեր մեջ ասած, ավտոկայանի պատասխանատուի, արդեն հիշատակված ՓԲԸ ղեկավարության հետ այցելել, խորհրդակցություն էլ կարելի էր տեղում անել, թեկուզ՝ լայվով: Հետաքրքրվել, թե լավ՝ արտաքնոց նորոգելու համա՞ր էլ փող չունեք:

Վերջին հաշվով, պետքարանների հարցը վաղուց կարելի էր շուկայական հիմքերի վրա դնել, ինչպես վարվել են տարբեր վայրերում: Հազիվ թե որևէ տեղ մեկնող որևէ ուղևոր լրացուցիչ մի 50 դրամ չունենա, հասկանալի է, թե ինչի համար: Ու նախարարների անսպասելի այցերի ժամանակ էլ սևերես չէին մնա:

Իհարկե, կարող են գտնվել չարակամ և չարախոս մարդիկ, որ կասեն, թե նախարարը էժանագին հնարքների է դիմում, դա ի՞նչ մի նախարարավայել զբաղմունք է և այլն:

Բայց կարծում ենք, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նման մանրուքների վրա չպետք է ուշադրություն շեղի:

Հաջորդ լայվը, հուսանք, կլինի նույն ավտոկայանի արդեն լրիվ եվրանորոգված արտաքնոցից, կներեք, զուգարանից:

Տեսնես էն «Հյուսիսային ավտոկայանո՞ւմ» ինչ վիճակ է: