ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի Նիկոլյա Ազնավուրին։
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրին` Փաշինյանը հույս է հայտնել, որ այսուհետ հանդիպումները Հայաստանում ավելի հաճախ կլինեն, և հիմնադրամի հետագա ծրագրերն ավելի շատ կապված կլինեն Երևանի հետ։
«Հույս ունեմ, որ այդպես է և ավելի հաճախ հնարավորություն կունենանք հանդիպել, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր ծրագրերի մասին, թե ինչ եք ծրագրում անել Շառլ Ազնավուրի ժառանգությունը նաև Հայաստանում պահպանելու և Հայաստանը որպես ազնավուրյան կարևոր կենտրոններից մեկը դարձնելու նպատակով և իմաստով»,– ասել է Փաշինյանը:
Նիկոլյա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել վարչապետին` ջերմ ընդունելության ու Փարիզ այցելության համար։ «Դա շատ կարևոր էր ու շատ հուզիչ անձամբ ինձ համար և իմ ողջ ընտանիքի»,– ասել է նա։
Նիկոլյա Ազնավուրը տեղեկացրել է, որ հետևում են Հայաստանից ստացվող լուրերին և շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ Փաշինյանը փորձում է անել: «Դա հեշտ չէ, բայց կարծում եմ շատ դրական է, երբ մենք արտասահմանում տեսնում ենք, թե ինչ տքնաջան աշխատանք եք իրականացնում»,– ասել է Ազնավուրը:
Հանդիպման ընթացքում Նիկոլյա Ազնավուրը վարչապետին պատմել է «Ազնավուր» հիմնադրամի գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: