Սպանեցի՛ք ձեր թոշակներով, կամ ՀԴՄ կտրոնները տնտեսական հեղափոխության շարժիչնե՞րն են

Հայտարարելով, որ ժողովուրդն է տնտեսական հեղափոխություն իրականացողը, Հայաստանի նոր իշխանությունը կարծես մի փոքր մանրամասնել է տնտեսության իր տեսլականը։ Արդարացիորեն կարևորվել է հարկերի հավաքագրումը, ու այդ իմաստով մեծ դերակատարություն ունեն ՀԴՄ կտրոնները։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Անվիճելի է, որ ցանկացած երկրի տնտեսական կայունությունը կախված է հարկերի ճիշտ հավաքագրումից։ Այլ բան է, որ հավաքագրումից հետո դրանք ակտիվորեն ծախսվում են արդյունավետ կամ անարդյունավետ`ասենք` պաշտոնյաների աստղաբաշխական պարգևավճարների վրա։ Բայց ամեն դեպքում հարկ վճարելը շատ կարևոր է, իսկ դրանից խուսափելը շատ երկրներում բավականին խիստ է պատժվում։

«Դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու»... եթե «նիսյա» հացի ՀԴՄ-ն ուզեք

Ճիշտ է նաև, որ թոշակներն ու ասենք ուսուցիչների աշխատավարձերը, մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքը, ու էլի այլ բաներ ուղղակիորեն կախված են հարկերից։ Կառավարությունը նշում է, որ հարկերի ճիշտ հավաքագրման պայմաններից է հսկիչ–դրամարկղային կտրոնների տրամադրումը ձեռնարկությունների կողմից` սկսած խոշորագույն սուպերմարկետներից մինչև ամենափոքր կրպակները։ Սրա հետ էլ անհնար է չհամաձայնել։

Այնուամենայնիվ, այստեղ ակնհայտ մի խնդիր կա։ Ահա դրանցից մեկի մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը. «Եթե ստվերային տնտեսության դեմ պայքարը սկսում ես ներքևից (կրպակներից), այլ ոչ թե վերևից (խոշոր բիզնեսից), ապա ստանում ես շատ վատ պատկեր։ Ասել է թե՝ բիզնեսի փաստաթղթավորման շղթայում ՀԴՄ կտրոնը ոչ թե առաջին, այլ վերջին օղակը պետք է լինի»։

Մեզ մոտ, իհարկե, ներքևից են սկսում. այսպես ավելի հասկանալի է ու հեշտ, դիմադրությունը թեև աղմկոտ է, բայց այդքան լուրջ չէ, ինչպես կարող է պայքարել խոշոր բիզնեսը։ Ի դեպ, փողոցային առևտրականները չեն ուզում շուկաներ գնալ նաև այն պատճառով, որ նրանք պարտավորված կլինեն հսկիչ–դրամարկղային մեքենա պահել։ «Ինչու՞ վճարել ավելին», –տրամաբանորեն մտածում են նրանք ու գալիս բողոքում են քաղաքապետարանի ու կառավարության շենքի մոտ։

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ վաճառողների մի կարգ կա, որոնք պարտավոր չեն կտրոն տրամադրել, օրինակ, գյուղատնտեսական արտադրանք վաճառողները, ավտոտրանսպորտային որոշ ծառայությունները, անձնական իրեր վաճառվողները։

Եթե Վերնիսաժում սուրճի հին սպասք վաճառող տատիկի հետ ամեն ինչ պարզ է, ապա, ասենք, գյուղատնտեսական մթերքի գնումների ձևակերպման հետ բարդություններ են առաջանում ու դա հանգում է ռեստորատորների դիմադրությանը։ Կառավարությունը հիմնավոր նշում է, որ գնումների հիմնական ծավալը հենց նման ապրանքներն են կազմում, ոչ թե անձեռոցիկները սուպերմարկետից, իսկ պետությունը որոշում է բարձրացնել դրանց հարկային դրույքը։

Հասկանալի է, որ իբր այսօր գոյություն չունեցող օլիգարխները հազար ու մի ձև կգտնեն, որ այնքան հարկ վճարեն, որքան իրենք են ուզում։ Թևանյանը վերևից սկսելու մասին խոսելիս` առաջին հերթին նկատի ուներ խոշոր բիզնեսը։

Նոր սերնդի ՀԴՄ-ները 60000 դրամով տրամադրելու քայլը մեծ օգնություն է ոլորտին. Գրիգորյան

Մյուս կողմից էլ` ներկայիս կառավարությունը չի կարող չիմանալ, որ օրինակ, ցանկացած կրպակում, փոքր կամ միջին խանութում, ընդհանրապես սուպերմարկետներից բացի ցանկացած վաճառակետում կա մի հաստ տետր, որում գրվում են պարտապանների անուններն ու իրենց պարտեքրի գումարները։ Առանց դրա Հայաստանի պայմաններում անհնար է, փոքր առևտրի կետերում առևտուրը հիմնականում պարտքով է արվում, հատկապես` մարզերում։ Ինչպես համագյուղացուն կամ հարևանին մի կտոր հաց կամ երշիկ չտալ, եթե նա հիմա օբյեկտիվորեն գումար չունի։

Ի՞նչ պետք է անեն նման վաճառողները. նրանք չեն կարող կտրոն տրամադրել դեռ չստացած գումարի դիմաց։ Կտրոն պետք է տրամադրեն պարտքը մարելու ժամանակ, բա որ հարկայինը գա՞։ Մի խոսքով, այստեղ չկարգավորված բաներ շատ կան։

Սա առաջին դեպքը չէ, երբ պետությունն ուզում է բոլորին պարտադրել ՀԴՄ կտրոններ տրամադրել։ Նախկին փորձերը գնալով մարում էին հենց այն պատճառով, որ չէր հաջողվում խոշոր բիզնեսին ստիպել փաստաթղթավորել վաճառքները, ու եթե հիմա էլ դա տեղի չունենա, ապա «տնտեսական հեղափոխության» այդ տարրի ճակատագիրը կանխատեսելի է։

Հսկիչ–դրամարկղային մեքենաների գնի հետ կապված իրողության մեջ էլ (դրանք 160 հազարից 60 հազար էին դարձել) պետությունը մի տեսակ անհասկանալի կեցվածք ունի։ Տարբերությունը, ինչպես ասում են, պետբյուջեից է հատուցվելու։ Եվ հարց է առաջանում. եթե պատրաստվում ենք բոլոր կրպակներին նման սարքեր տրամադրել, ապա հատուցման գումարներն աստղաբաշխական թվերի են հասնում։

Ո՞վ է դրանք վճարելու։ Ճիշտ է, մենք, այն մարդիկ, ովքեր չեն զբաղվում փոքրածախ առևտրով, իրենց բիզնեսը չունեն, աշխատավարձով են ապրում ու քիչ թոշակ են ստանում, բայց հպարտ են ու անկախ։ Նույնիսկ, եթե հպարտ չեն, դա ոչ մի նշանակություն չունի. թոշակներն ավելացնելու փոխարեն մեր հարկերով ոչ միայն երեք ամիս աշխատելուց չափազանց հոգնած պաշտոնյաներին պարգևավճարներ կտան, այլ նաև դրամարկղային մեքենաների փողերը կտան։

Սպանեցիք ձեր թոշակներով և ուսուցիչների աշխատավարձերով, այստեղ «ամբողջ» ժողովրդին մոբիլիզացնում ենք տնտեսական հեղափոխություն անելու, իսկ դուք` թոշակներ, հա թոշակներ։