Մարիա՛մ, դու կարող ես, կամ ինչպես աղջկան հաջողվեց մի քանի աշխատանք ունենալ առանց կրթության

Մարիամ Գրիգորյանն իր ապրելակերպով ապացուցում է` հաշմանդամություն ունենալը դատավճիռ չէ։ Նրա խիզախ պատմությունը ոգեշնչում է իր նման շատերին։
Sputnik

Կարինե Հարությունյան, Sputnik Արմենիա

23-ամյա Մարիամ Գրիգորյանը, չունենալով մասնագիտական որևէ որակավորում և բարձրագույն կրթություն, այժմ աշխատում է մի քանի անշարժ գույքի գործակալությունների հետ՝ որպես ադմինիստրատոր, ինչպես նաև 1 ընկերության մարքեթինգով է զբաղվում. նա նաև ավտոդիլեր է։ Մարիամը մանկական ուղեղային կաթված ունի, և չնայած աշխատում է տնից, իր խոսքով՝ այնպես է անում, որ հաճախորդներից ոչ ոք գլխի չընկնի այդ մասին, որպեսզի հանկարծ չփորձեն անլուրջ վերաբերվել աշխատանքի արդյունավետությանը։ Աղջիկը դժվարությամբ է քայլում, սակայն դա ամենևին էլ չի խանգարել, որ նա դպրոցում աշխույժ և չարաճճի լինի, ինչպես նաև այցելի մի շարք խմբակների՝ հելունագործությունից մինչև կարատե։

Մարիա՛մ, դու կարող ես, կամ ինչպես աղջկան հաջողվեց մի քանի աշխատանք ունենալ առանց կրթության

Մարիամի հետ հանդիպեցինք իր սիրելի վայրում՝ Էջմիածնի Ս. Աննա եկեղեցու բակում, որտեղ դեռ 2014-ին Մարիամի մտահղացմամբ և տեղի հոգևոր հոր՝ տեր Սահակի օգնությամբ, կյանքի է կոչվել տեղեկատվական մի միջոցառում՝ «Հավատա քո ուժերին դու հիմա, ու բոլորը քո մասին կիմանան»։ Միջոցառումից հետո շատերն են մոտեցել Մարիամին և ոգևորել, ասել, որ առաջ գնալ է պետք: «Իմ օրինակով ներկաներին տեղեկացնում էի, որ հաշմանդամությունը ճակատագիր չէ, չպետք է հասարակությունից կտրվել։

Մեր գյուղում (Արմավիրի մարզ, գյուղ Աղավնատուն) 4-5 հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, որոշները տնից առհասարակ դուրս չեն գալիս։ Այդ ամենը գալիս է ոչ միայն ընտանիքից, այլ նաև շրջապատողների վերաբերմունքից։ Կարծում եմ՝ այն ընտանիքներում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձ չկա, տեղեկացվածության մակարդակը հաշմանդամություն ունեցող անձանց մասին բավական ցածր է։ Սակայն ես համոզվել եմ, որ քեզնից նույնպես շատ բան է կախված. ինքդ պետք է կռիվ տաս ու քո տեսակով կոտրես կարծրատիպերը»,-ասում է Մարիամն ու ժպիտով հիշում, որ, օրինակ, ինքը չէր ամաչում դպրոցում մյուսների պես համազգեստ կրել (կիսաշրջազգեստով), երբ ոտքերին օրթեզներ էին տեղադրել։

Մարիա՛մ, դու կարող ես, կամ ինչպես աղջկան հաջողվեց մի քանի աշխատանք ունենալ առանց կրթության

Մարիամը դրական մարդկանց է սիրում, չի շփվում նրանց հետ, ովքեր անընդմեջ բողոքում են. չի սիրում բողոքել, ավելի շատ խոսում է խնդիրները հաղթահարելու մասին, քան բուն խնդիրների պատճառած անհարմարության: Աղջիկն աշխատանքում հաջողության միանգամից չի հասել. հիշում է՝ սկզբում ողջ ամսվա հասույթը 1000 դրամ էր կազմում, բայց, մեկ է` գոհ էր, չէ՞ որ ինքնուս է, ինտերնետը փորփրելով ու կամաց-կամաց հմտանալով է սովորել ամեն ինչ։ Սկզբում անշարժ գույքի գործակալության մի ընկերության հետ է աշխատել, իսկ հետո պատվիրատուներն ավելացել են:

Մարիա՛մ, դու կարող ես, կամ ինչպես աղջկան հաջողվեց մի քանի աշխատանք ունենալ առանց կրթության

«Ավտոդիլեր դարձա պատահաբար. մի անգամ քրոջս ամուսինը կատակով ինձ դիմելով ասաց, թե կարո՞ղ եմ վաճառել իր մեքենան: Ես միացրի համակարգիչն ու գործի անցա: Բնականաբար, միանգամից գնորդ չգտա, բայց, ի վերջո, այն վաճառեցի: Այժմ անհատական պատվերներ էլ եմ վերցնում ու մեքենաներ վաճառում: Մեծամտություն չլինի, բայց ոլորտն ուսումնասիրելով, եկել եմ այն եզրակացության, որ մարդիկ գրասենյակներում աշխատելով ավելի քիչ արդյունք են տալիս, քան ես՝ տնից աշխատելով»,-ծիծաղով նշում է Մարիամն ու ավելացնում՝ այժմ էլ ինտերնետի միջոցով անգլերենի իմացությունն եմ բարելավվում։

Մարիամի կյանքում բեկումնային է եղել 2016-ի սեպտեմբերին J.K.A.-ի և Ամերիկայի դեսպանատան կողմից «Ակտիվ կյանք՝ հաշմանդամությունն ունեցող մարդկանց համար» ծրագրին մասնակցելը: Ծրագրին մասնակցելուց ու Սոս Սարգսյանի անվան թատրոնում «Սուտլիկ որսկանը» ներկայացման մեջ իր դերը ստանձնելուց հետո, Մարիամին՝ որպես լավագույն մասնակից, ընտրում և ևս 2 անձանց հետ հնարավորություն են տալիս մեկնել ԱՄՆ:

«Քեմբրիջի համալսարանում մասնակցեցինք դասախոսության՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների հաղթահարման թեմայով: Բացի այդ, նոր սարքավորումներով հոկեյ և ֆուտբոլ խաղալ սովորեցինք։ Շրջագայության նպատակն էր մեզ ցույց տալ, որ կյանքը չի սահմանափակվում մեր՝ հաշմանդամ լինելով։ Սակայն այնտեղի իրականությունը մի փոքր այլ էր. ԱՄՆ-ում հարմարեցված էին փողոցները, և դու քեզ լիարժեք էիր զգում, հանգիստ տեղաշարժվում»,-պատմում է Մարիամը:

«Հաշմանդամությունը դատավճիռ չէ». Երևանում հաշմանդամություն ունեցողները քայլերթ իրականացրին

Բուռն աշխատանքային առօրյայի ու ինքնակրթության գործընթացի մեջ Մարիամը չի մոռանում նաև սիրած զբաղմունքների մասին. սպորտը նրա տարերքն է։ Կարատեի, ձիավարության սիրողական խմբակների, պարապմունքների մասնակցելուց բացի, 2018-ին ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմակերպած մրցումներին է մասնակցել ու սեղմում հենարանից վարժությունում իր քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրել։ «Սիրում եմ սպորտով զբաղվել, բայց, ցավոք, մեր գյուղում ինձ համար որևէ հնարավորություն չկա: Պարել նույնպես շատ եմ սիրում. ԱՄՆ-ում մարդիկ սայլակի վրա նստած պարում էին...»,-հիշում է Մարիամը, բայց չի տխրում, քանի որ ինքն իր կարգախոսը վաղուց է ընտրել՝ Մարիա՛մ, դու կարող ես։

Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ խտրականության պատճառը, աղջկա կարծիքով, ոչ միայն տեղեկատվության պակասն է, այլև չափից շատ հոգատարությունը: «Դպրոցում ինձ ավելի քիչ դաս էին հանձնարարում, ինչն ինքնըստինքյան խտրականություն էր ու մի տեսակ արհեստական ճեղք էր առաջացնում իմ և դասընկերներիս միջև: Գուցե թյուրիմացաբար մտածում էին՝ մանկական ուղեղային կաթվածը նաև ուղեղի հետ կապ ունի, իսկ իմ միայն ոտքերն են ոչ առողջ: Դպրոցն ավարտելուց հետո ես առաջին ու լուրջ խտրականության առաջ կանգնեցի.  կրթություն չկարողացա ստանալ ոչ միայն սոցիալական պայմաններից ելնելով, այլ նաև հարմարեցված տրանսպորտի և բուհական համակարգի բացակայության մասին գիտակցմամբ: Կրթություն ստանալն այժմ իմ առաջնային նպատակն է, պետք է ամեն գնով փորձեմ հասնել դրան»,-նշում է Մարիամն ու խոստովանում, որ կրթության բացակայության պատճառով մի շարք ընկերությունների թափուր հաստիքի հայտարարություններին չի դիմում:

Մարիա՛մ, դու կարող ես, կամ ինչպես աղջկան հաջողվեց մի քանի աշխատանք ունենալ առանց կրթության

Մարիամը վստահ է, որ իր ֆիզիկական խնդիրը չի կարող իր տեսակին կանգնեցնել ու պատճառ դառնալ, որպեսզի երազանքները չիրականանան...

ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Հայաստանը մինչև 2022 թվականը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության: Նշենք, որ օրենքի նախագիծը, չնայած բավական երկար քննարկումներին, այդպես էլ դեռ իրավական ուժ չի ստացել: Մարգարյանը հույս հայտնում, որ լրամշակված նախագիծն առաջիկայում հանրային քննարկման կդրվի: «Ճիշտ է`օրենքում շեշտը հիմնականում դրվում է հանրակրթության վրա, քանի որ բուհերն ավելի անկախ են և իրենք նաև ինչ-ինչ քայլեր իրականացնում են միջավայրը հարմարեցնելու առումով»,-ասաց Մարգարյանը:

Մարիա՛մ, դու կարող ես, կամ ինչպես աղջկան հաջողվեց մի քանի աշխատանք ունենալ առանց կրթության

Նշենք, որ համընդհանուր ներառման անցել են Սյունիքի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերը։ Նախատեսվում էր, որ Երևանը համընդհանուր ներառման կանցնի 2018-ին, որը, սակայն, չիրագործվեց: 2019-2020-ին, ըստ ԿԳՆ-ի հայտարարության, Արագածոտնի ու Շիրակի մարզերում համընդհանուր ներառական կրթություն կիրականացվի: Ուշագրավ է այն հանգամանքը, որ ներառական կրթություն իրականացնող դպրոցների գերակշիռ մասը հարմարեցված չէ հենաշարժական խնդիր ունեցող անձանց կարիքների համար: