«Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները կռի՞վ են գցել գիշերային փաբում. ընկերության պարզաբանումը

Երևանյան փաբերից մեկում ուշ գիշերով տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել են «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար աշխատակիցներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Փետրվարի 18-ին, գիշերը, 01։00-ի սահմաններում Թումանյան փողոցում գործող «18 +» փաբում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, փաբից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ 33-ամյա Գուրգեն Սարգսյանը, 37-ամյա Մովսես Մանյանը, 28-ամյա Անդրանիկ Հակոբյանը, 37-ամյա Ռոբերտ Աբրահամյանը և 36-ամյա Աղաս Խաչատրյանը։

«Բազմաթիվ կրակոցներ են հնչել». զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում

Անձնական խուզարկությամբ Գուրգեն Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ` փամփուշտատուփով, որի մեջ եղել են փամփուշտներ։

Ըստ կայքի, վերոհիշյալ անձինք դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը։

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Shamshyan.com–ի տեղեկություններով` Գուրգեն Սարգսյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա ավտոգազ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ռոբերտ Աբրահամյանը՝ «Արարատգազ» ՍՊԸ-ի տնօրեն։

Այս տեղեկատվությունը ճշտելու համար Sputnik Արմենիան դիմեց «Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայություն։ Այստեղ հաստատեցին, որ «Ավտոգազ» ՍՊԸ–ի տնօրենը Գուրգեն Սարգսյանն է, և այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական կայքում։ Ինչ վերաբերում է «Արարատգազ» ՍՊԸ-ի մասին մամուլում տարածված տեղեկություններին, «Գազպրոմ Արմենիայում» հայտնեցին, որ նման ընկերություն իրենց կազմում գոյություն չունի։