ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքը թանկարժեք նվեր է մատուցել Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարանին։
Այս մասին ինֆորմացիան Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանը տեղադրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Օրերս Սամվել և Էթերի Կարապետյան ամուսինները Թեմակալ Առաջնորդ Եզրաս Սրբազանին փոխանցեցին եբրայերեն Տասնաբանյա պատվիրանների փայտյա տապանակը, ինչպես նաև 1881 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում տպագրված ռուսական թերթերից մեկի առաջին էջը, որտեղ պատկերված է Արարատյան դաշտավայրը հետևյալ գրությամբ՝ Արարատ լեռը Հայաստանում»,–գրված է ֆեյսբուքյան հայտարարության մեջ։
Առաջնորդարանը նաև տեղեկացրել է, որ ընծայաբերված արժեքավոր իրերն ի տես այցելուների իրենց մշտական տեղը կգտնեն եկեղեցու տարածքում գործող «Տապան» թանգարանում։
Նվերը ստանալիս` Սրբազան հայրն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել նվիրատուներին, որոնք ուշադրության կենտրոնում են պահում եկեղեցին ու աջակցում թեմի աստվածահաճո և ազգաշահ բոլոր նախաձեռնություններին։
Պաշտոնական էջում հրապարակվել են նաև նվերների լուսանկարները։