Վրացի պատգամավորը Հովհաննես Թումանյանի արձանը նվիրել է գրողի թբիլիսյան տանը. լուսանկարներ

Թբիլիսիում կայացել է Հովհաննես Թումանյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Չիչինաձեն «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային հայկական կենտրոնին է նվիրել վարպետի արձանը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

«Արձանը պարոն Չիչինաձեի նվերն է Թումանյանի ծննդյան օրվա 150–ամյակի կապակցությամբ։ Արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Սիրբիլաձեն է», – ասաց Խաչատրյանը։

Այսօր Հովհաննես Թումանյանի 150–ամյակն է։ Տոնական միջոցառումներ են անցկացվում Երևանում, Դսեղում ու Թբիլիսիում։

Թումանյանը 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան վարժարանում։

Երիտասարդ Թումանյանն ու թատերասեր Թիֆլիսը

Որոշ ժամանակ Թումանյանը քահանայի օգնական է աշխատել հայկական եկեղեցիներում` Նորաշեն, Մուղնի, Վանք։ Ուսանողական տարիներին Ներսիսյան վարժարանում զբաղվել է քաղաքական գործունեությամբ, անդամակցել գաղտնի միությունների, որոնց նպատակը Արևելյան ու Արևմտյան Հայաստանում հայկական ինքնության պահպանումն էր։

1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ:

Թումանյանին հայ–վրացական բարեկամության խորհրդանիշ են համարում։