Հիվանդանոցից փախած դատապարտյալին հայտնաբերել են Բալահովիտում

«Արմենիա» ԲԿ հիվանդասենյակի պատուհանից փախուստի դիմած դատապարտյալը 9 անգամ դատված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Փետրվարի 19-ին, ժամը 00։20-ի սահմաններում Քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Արմենիա» բժշկական կենտրոնից փետրվարի 18-ին փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական վարչությունը։

Կրկնահանցագործը փախել է Երևանի բուժհիմնարկից

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում։ Նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, այնտեղից էլ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Հայկ Գալստյանը փախուստի էր դիմել փետրվարի 18-ին, ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նա ստացիոնար բուժում էր ստանում։ Նա փախել էր հիվանդասենյակի պատուհանից։

1974թ. ծնված Գալստյանը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել, վերջին անգամ դատապարտվել է ծանր հանցագործությամբ զուգորդված սուտ մատնության համար։