ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալու կողմնակից չէ։: Այսօր՝ փետրվարի 19-ին, նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալուն ես ամենևին կողմնակից չեմ: Ես կարծում եմ, որ պետք է առաջ գնալ, մենք ունենք հիմա խորհրդարանական համակարգ և պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար»,– ասաց նա:
Ըստ Միրզոյանի` սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, բայց ոչ այնքան մասշտաբային, որ երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից վերադառնա կիսանախագահականի:
«Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ Սահմանադրությունը չի կարգավորվում, և հնարավոր է` փակուղիներ առաջանան: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա չբացառեց նաև ՀՀ նախագահի լիազորությունների վերանայումը։
Հիշեցնենք, որ նման առաջարկով հանդես էր եկել Հայ ազգային կոնգրեսը:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) փետրվարի 16-ին հայտարարություն էր տարածել` առաջարկելով մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգին։