Արցախում արտասովոր մի հայկական գյուղ կա` Չարդախլուն։
Արտասովոր է գյուղն այն պատճառով, որ այդքան խոշոր զորահրամանատարներ, հերոսներ, գեներալներ ու մարշալներ աշխարհում այլևս ոչ մի տեղ չի ծնվել, եթե դատենք բնակչության թվի հարաբերակցությամբ։ Արքայական` Տեր–Ղուկասովն ու Մարգարյանը, խորհրդային` Բաղրամյանն ու Բաբաջանյանը։ Բացի այդ նաև տասնյակ գեներալներ, Խորհրդային միության 7 հերոս, հարյուրավոր սպաներ և շարքայիններ։
1906 թվականին ահա այդ գյուղում էլ հենց ծնվեց Համազասպ Բաբաջանյանը։ Նույնիսկ այնտեղի չափանիշներով տղան կատաղի և հանդուգն էր, նրա մասին գյուղացիներն ասում էին, որ նա սկզբում ծեծում է, հետո բարևում։ Բաբաջանյանը դպրոցում հինգ տարի է սովորել, դպրոցից նա անձամբ է հեռացել, գուցե այն պատմությունից հետո, երբ զայրացել էր իրեն ինչ–որ բանով նեղացրած ուսուցչուհու վրա և հանել մաուզերը։ Զենքը հազիվ էին ձեռքից վերցրել։
Ամեն դեպքում, տեղի արոտավայրերում նրա նախրապանությունը երկար չտևեց։ Փաստաթղթերում ինքն իրեն երկու տարի էլ ավելացրեց և մեկնեց Թբիլիսի՝ սովորելու Անդրկովկասյան ռազմահետևակային ուսումնարանում։ Հերոսի աստղ ստանալուն Համազասպ Բաբաջանյանին մոտ 25 տարի էր մնացել։
Բաբաջանյանի տաքարյուն բնավորությունը մնաց ընդմիշտ. խիստ և անհաշտ էր նա, իսկ ռազմական հարցերում ապրիորի համոզված էր իր ճիշտ լինելու մեջ։ Գուցե, այդ պատճառով ոչ միայն ողջ մնաց սարսափելի պատերազմում, այլև զինվորական փառքի բարձունքների հասավ։ Անկախ նույնիսկ այն բանից, որ իր տանկով շրջում էր մարմինը լյուկից մինչև գոտկատեղը դուրս հանած. աղոթած էր, այլ կերպ լինել չի կարող։
Իսկ «не бойся в поле навоза, а на войне – смерти» (մի վախեցիր դաշտում թրիքից, իսկ մարտում՝ մահից) ասացվածքը նրա բերանի խոսքն էր։ Այդպես էլ մարտնչում էր` անվախ. այդ պատճառով էլ հաղթում էր միշտ։
Բաբաջանյանը նրանցից մեկն էր, որ նախապես գիտեր, որ պատերազմ է լինելու։ Քարոզչությունը կարող է ազդել քաղաքացիականների վրա, իսկ զինվորականը գիտի բոլոր նախանշանները, մոտեցող դժբախտության բոլոր հատկանիշները։ Նախազգուշացված ես, նշանակում է զինված ես, բազմաթիվ խորհրդային զորահրամանատարներ 1941 թվականի հունիսի 22-ն ընկալում էին որպես ազատում օդում կախված անորոշությունից։ Պատերազմում որևէ լավ բան չկա, իհարկե, բայց գոնե այս պարագայում ձեռքերը ծալած չէին նստի, այլ գործով կզբաղվեին` փրկելով երկիրը։
Քմահաճ, սակայն անգին Բաբաջանյանին շատ բան էր ներվում, այն, ինչի համար ուրիշի անմիջապես կգնդակահարեին։
Հերոսի աստղ ստանալուց կես տարի առաջ` 1943 թվականի նոյեմբերին, հանկարծակի լուր հասավ, որ նրա տանկային բրիգադը մեկ օրից շուտ պետք է մարտի ուղարկեն. Ստալինգրադի մերձակայքում հարձակում էին իրականացնում խորհրդային զորքերը, պետք էր շտապել։ Շատ քիչ ժամանակ էր մնացել ռազմավարությունը ճշտելու և տանկիստներին պատրաստելու համար. բայց հրամանը չի քննարկվում։
Նախապատրաստությունը սկսվեց, և բրիգադ շուտափույթ ժամանեց մի սպա, որը նոր կարգադրություն էր բերել. Ստալինգրադի մոտ գերմանացիները ցաքուցրիվ են լինում, երկու ժամից պետք է գրոհել։ Ասում են, այդ սպան իր վրա զգաց Բաբաջանյանի հարվածը. եղել է դա, թե ոչ՝ տարիներ անց պարզել չի լինի, կարևոր էլ չէ։ Ավելի կարևոր է այն, որ չնախապատրաստած մարտիկներին Բաբաջանյանը հրաժարվեց մարտի թողնել. ինչը չլսված անհնազանդություն էր, նույնիսկ հանցագործություն աշխարհի ցանկացած բանակում։ Սակայն հրամանատարությանը նա այդպես էլ հայտարարեց։
Տանկային բրիգադ անմիջապես ժամանեցին ավտոմատավոր սպաներ և բրիգադի հրամանատարին ներկայացրեցին հրաման՝ ներկայանա՛լ զինվորական տրիբունալի նախագահին։ Այդպես վախեցնում էին, իրականում տարան գեներալ–լեյտենանտ, 22-րդ բանակի հրամանատար Յուշկևիչի մոտ։
Բաբաջանյանը վերադաս ղեկավարությանը հայտարարեց, որ իր բրիգադի գնդակահարությունը տեսնել պատրաստ չէ, իսկ իր կյանքի համար ընդհանրապես չի մտահոգվում։
Այս հայտարարությունից հետո Յուշկևիչն ու Բաբաջանյանը քննարկեցին վաղվա հարձակումը։ Մի քանի ժամ անց գերմանական կողմի պաշտպանական գիծը ճեղքեցին և անցան 12 կմ։ Բաբաջանյանը նրանցից մեկն էր, ով տվեց ԽՍՀՄ բանակի՝ Կովկասից մինչև Լենինգրադ ողջ ճակատային գծով հարձակման անցնելու մեկնարկը։
1945 թվականի ապրիլի 21-ից Բաբաջանյանի տանկային կորպուսը մտավ Բեռլին, սեղմելով շրջափակման սահմանները, որտեղ մնացել էր գերմանական էլիտար զորքերի 300-հազարանոց խմբավորումը։ Դեպի Ռեյխստագ վերջին հարվածը նրա տանկերը հասցրին ապրիլի 30-ին, Հաղթանակի դրոշը նրա վրա ծածանվելուց առաջ։
... Նա հաճախ էր Չարդախլու այցելում, պարտադիր կանչելով բոլոր ծանոթ ու անծանոթներին, աշխատում էր դաշտում, սիրով կարտոֆիլ էր տնկում, իսկ երեկոյան նստում էին տնական օղի խմելու։ Այն ժամանակ նա արդեն ինքնատիպ ռեկորդակիր էր. բանն այն է, որ Հայրենական մեծ պատերազմի ողջ ընթացքում Համազասպ Բաբաջանյանը Բարձրագույն գերագույն հրամանատարության հրամաններում 17 անգամ հիշատակվել էր։
Այդքան անգամ որևէ այլ անուն չի հիշատակվել այդ հրամաններում։