ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքի Աթոյան անցուղու բնակիչ, 33-ամյա Ալբերտ Մարկոսյանին ծեծել է 48-ամյա Հովհաննես Միրաքյանը, որի մականունը «Զմեյ» է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ փետրվարի 16-ին, ժամը 20։30-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մարկոսյանը վնասվածքները ստացել է Էրեբունի վարչական տարածքում`Ազատամարտիկների այգում։ Նա մինչև հիմա վերակենդանացման բաժանմունքում է։
Կայքի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց է տեղափոխել հայրը, իսկ արնաշաղախ որդուն հայտնաբերել է մայրը։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի խուզարկություն կատարեն «Զմեյի» տանը։
Մարկոսյանին դաժանաբար ծեծելու պատճառը եղել է այն, որ նա մոտ 4 ամիս առաջ դանակահարել է Միրաքյանին։ Փետրվարի 16-ին հին հաշիվները մաքրելու նպատակով ժամը 16։00-ի սահմանում նրանք հանդիպել են Ազատամարտիկների այգում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։
Կայքի տեղեկություններով՝ Միրաքյանն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ում՝ որպես քարշային ենթակայանի ավագ մասնագետ։ Քննիչը հերթական միջնորդությամբ դիմելու է դատարան, որպեսզի նրա նկատմամբ հայտարարվի հետախուզում։