ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Երևանի փողոցներում մարմնավաճառությամբ զբաղվողները կամ, ինչպես ոստիկանությունն է որակում, «աչքի ընկնող հագուկապով ու կիսամերկ գիշերային թիթեռնիկները», Երևանի փողոցներում մշտական հավաքատեղիներ այլևս չունեն։ Այս մասին հայտարարում է ՀՀ ոստիկանությունը` ասվածը հիմնավորելով մայրաքաղաքի փողոցներից մարմնավաճառներին բերման ենթարկելու գործողությունների մասին պատմող տեսանյութով։
Ոստիկանությունը հայտնում է, որ Երևանյան լճի հարակից տարածքում, Բաղրամյան ու Լենինգրադյան փողոցներում մարմնավաճառների ավանդական հավաքատեղիները ցրելուց հետո նրանք սկսել են հավաքվել Երևանի ՋԵԿ–ի հարակից տարածքում։
Փետրվարի 2-ից սկսած` ոստիկանությունը պարբերաբար այցեր է իրականացնում նաև այս տարածք։
Պաշտոնական տվյալներով, միայն վերջին 15 օրվա ընթացքում ոստիկանության տարբեր բաժիններ են ներկայացվել մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածող 105 անձ։
«Բերման ենթարկված անձինք այն նույն մարդիկ են, որոնք արդեն իսկ հաշվառված են ոստիկանությունում։ Նոր անձանց պոռնկության մեջ ներգրավելու փաստերն էականորեն նվազել են»,– հայտնում է ոստիկանությունը։
Իրավապահները հայտնում են, որ շարունակում են աշխատանքը` մարմնավաճառների տեղաշարժը և նոր հավաքատեղիների ստեղծումը բացառելու ուղղությամբ։