ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հունվարի 29-ին ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին՝ Շշի Մելոյին պատկանող «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած 21-ամյա Ջիվան Հարությունյանի քույրը բաց նամակով դիմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին:
«Հե՞շտ է գիշերը գլուխը դնել բարձին և հանգիստ քնել՝ մտածելով, որ միգուցե Ձեր տղայի հրամանով հիմա ինչ-որ մեկը կյանքին հրաժեշտ է տալիս, իսկ պատճառը պարզ է. նա կարծում է, որ Աբովյան քաղաքը իրենն է, և բոլորը պետք է իրեն հնազանդվեն ու ենթարկվեն, հակառակ դեպքում մահն անխուսափելի է դառնում։ Նրա տված հրամաններից մեկի պատճառով եղբորս ընկերը՝ 30-ամյա Արտաշես Գևորգյանը, տեղում մահացավ, իսկ եղբայրս՝ Ջիվան Հարությունյանը, ով երեկ կդառնար 21 տարեկան, 12 օր կյանքի ու մահու կռիվ տալուց հետո նույնպես կյանքից հեռացավ»,– գրում է Նարե Մանուկյանը:
Նա նաև նշում է, որ Ծառուկյանի որդին ազատության մեջ իր հաճույքներն է վայելում, իսկ իրենց որդիներից միայն հիշողություններ մնացին։
«Հե՞շտ է լինել մարդասպանի մայր՝ գիտակցելով, որ Ձեր մեղքի բաժինը մեծ է այսպիսի հրեշ մեծացնելու ու դաստիարակելու գործում, հե՞շտ է ապրել ու վայելել կյանքը՝ իմանալով, որ դուք շատերին զրկել եք կյանքից ու մարել շատ ընտանիքների օջախի լույսը»,– գրում է նա` Ջավահիր Ծառուկյանին մեղադրելով որդուն անսիրտ, անհոգի արարածներով շրջապատելու մեջ, որոնց համար «մարդկային կյանք խլելն առօրյա զբաղմունք» է։
Գագիկ Ծառուկյանի կնոջն ուղղված բաց նամակին պատասխանել է նրա որդու փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նա Նվեր Ծառուկյանի հասցեին տուժող կողմի մեղադրանքներ անհիմն է որակել։ «Տեղեկացնում եմ, որ քրեական գործի առաջին իսկ օրվանից Նվեր Ծառուկյանը հասանելի է եղել քննությանը, հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ինչպես նաև կատարվել են մի շարք այլ քննչական գործողություններ: Ի սկզբանե կատարված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Նվեր Ծառուկյանը որևէ առնչություն չունի կատարված դեպքի հետ»,– հայտարարել է փաստաբանը` հորդորելով անտեղի չշահարկել իր վստահորդ Նվեր Ծառուկյանի անունը։
Հիշեցնենք` 21-ամյա Ջիվան Հարությունյանը հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին, Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանի տարածքից։
Նա հրազենային վնասված էր ստացել ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի, կրակոցների հետևանքով: Ջիվան Հարությունյանը, ով Շշի Մելոյի ազգականն էր մահացել էր հիվանդանոցում` դեպքից շուրջ 1 շաբաթ անց` փետրվարի 10-ին։
Նրա հետ միասին դեպքի վայրից երևանյան հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացի` հրազենային վիրավորումներով և մեկ երիտասարդ`մահացած վիճակում։