Հայ եղբայրները ստիպված են եղել 750 հազար ռուբլի վճարել Հայաստան գալու համար

Չելյաբինսկում ապրող եղբայրներն այնքան շատ են ուզել հայրենիք գալ, որ վճարել են աստղաբաշխական պարտքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Դատական ակտերի հարկադիր կատարողները սահամանափակել են հայաստանցի երկու եղբայրների արտասահման մեկնելու իրավունքը, բայց տղամարդիկ 750 հազար ռուբլի են վճարել հայրենիք հասնելու համար։ Այս մասին հայտնում է «Ուրալսկի մերիդիան» պարբերականը։

Եղբայրները, որոնց անունները չի նշվում, շինարարական ու ճանապարհների սպասարկման բիզնեսով են զբաղվում, մի քանի տասնյակ միավոր մեքենաներ ու մասնագիտացված տեխնիկա ունեն։

Չելյաբինսկի Կենտրոնական շրջանի դատարանը պարտքերի պատճառով 2018 թվականի դեկտեմբերին կալանք է դրել նրանց տեխնիկայի վրա և սահմանափակել երկրից դուրս գալու իրավունքը։ Բայց եղբայրները որոշել են Հայաստան գալ և երկու օրում մարել են 750 հազար ռուբլի պարտքը։