ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անխուսափելի են` անկախ այն հանգամանքից, որ դրանք կառավարության ծրագրում ներառված չեն։ Այսօր` փետրվարի 18-ին, ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններին` նա հայտնեց, որ իրենց կուսակցությունն այդ մտադրությոնից ևս չի հրաժարվել։
«Սահմանադրական փոփոխությունները մեր օրակարգում են։ Սակայն պետության կառավարման մոդելի հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել»,– ասաց Նազարյանը` անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ)`Սահմանադրությունը փոխելու, սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու և 1 տարվա ընթացքում ՀՀ–ում նախագահի ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությանը։
Նշենք, որ ՀԱԿ–ը փետրվարի 16-ին հայտարարություն էր տարածել` առաջարկելով մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգին։