Իրանի դիրքորոշումն արցախյան հարցում տարածաշրջանային զսպման գործոն է. դեսպան

ՀՀ վարչապետի պաշտոնական այցին ընդառաջ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն անդրադարձել է երկու երկրների համագործակցության ծրագրերին ու միջպետական հարաբերություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Իրանի դիրքորոշումն արցախյան հակամարտության հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարևոր զսպման գործոն է:

Այս մասին իրանական «Մեհր» լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի Իսլամական հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։

Չի վախենում ԱՄՆ–ի պատժամիջոցներից. Flight Travel ընկերությունը կաշխատի Իրանի հետ

«Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանը գործնականում հավասարակշռված վերաբերմունք է ցուցաբերում և խնդրի լուծումը տեսնում խաղաղ բանակցությունների տիրույթում»,– ասել է նա:

Անդրադառնալով առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք պաշտոնական այցին, ՀՀ դեսպանը նշել է, որ հանդիպման ընթացքում չեն շրջանցվի գազի, էներգետիկայի ոլորտի ծրագրերը, որոնք երկկողմ տնտեսական օրակարգի առաջնահերթությունների մեջ են:

Հայ-իրանական հարաբերություններում վերջին տարիներին մեծ ակտիվություն է արձանագրվում նաև տուրիզմի ու մշակութային կապերի ամրապնդման ոլորտներում։ Փետրվարի 27-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Դա Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է այդ երկիր, որը, դեսպան Թումանյանի բնորոշմամբ, բխում է Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից, որոնց համաձայն, Հայաստանը շարունակելու է ակտիվորեն զարգացնել միջպետական հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի հետ: