ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները կիրակի` փետրվարի 17-ին, հանդիպել են ֆուտբոլի դաշտում։ Facebook սոցիալական ցանցի իրենց էջերում այս մասին գրել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը։
Պատգամավորը հրապարակել է խաղի լուսանկարներն ու խոստովանել, որ կառավարությունն այս անգամ ուժեղ գտնվեց։ «Պարտվեցինք գերխոշոր հաշվով՝ 2:8»։
«Պատգամավորների ու կառավարության անդամների համար կիրակին դարձել է առողջ ապրելակերպը խրախուսելու օր։ Հույս ունեմ, որ ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում սրանով թեկուզև աննշան, բայց կնպաստենք սույն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին»,– գրել է նա։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնել է, որ «ԱԺ–ի թիմը պարտվել է` մոտ ապագայում ռևանշի ակնկալիքով»։
Նախարարը նաև հայտնել է, որ ինքն այս խաղի ընթացքում գոլ չի խփել։
Մխիթար Հայրապետյանի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ ֆուտբոլային խաղին մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լորեցյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Կառավարության դարպասը պաշտպանել է վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։