Նախարարները հա՛ էլ կուտեն, նախ լրագրողներին հաց տվեք... ինչպես Զադոյանը լուծեց հացի խնդիրը

Ասում են, որ հուշերի գիրկն ընկնելը 50-ին մոտենալու նշան է: Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ հիշելու բան լինի… Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը 2000 թվականին տեղի ունեցած մի պատմություն է հիշում, որի գլխավոր հերոսը հացի նախարարն է։
Sputnik

Լրագրողներիս տեղափոխող միկրոավտոբուսն էլ հաղթահարեց ոլորաններն ու հասավ միջանկյալ կանգառին: Բերձոր: Ինչպես մի առիթով մի լավ մարդ նկատել էր՝ նահանգապետ Ալեքսան Հակոբյանի տան մոտ: Արդեն հեռավոր դարձող 2000 թվականն էր: Այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` նախարարների մի տպավորիչ խմբի ուղակցությամբ, մեկնում էր Ստեփանակերտ՝ Արցախի անկախության տոնին մասնակցելու:

Բերձորում, ուրեմն, միջանկյալ կանգառ էր նախատեսված: Բնական է` կարճ ճանապարհ չէ:

«Դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու»... եթե «նիսյա» հացի ՀԴՄ-ն ուզեք

Նախարարներն ու վարչապետն արդեն Հակոբյանի հյուրընկալ օջախում էին, սեղանների շուրջ: Մատուցարաններով մարդիկ են ներսուդուրս անում:
Դե, մենք էլ՝ մի խումբ լրագրողներով, միկրոավտոբուսի մոտ կանգնած, ասում-խոսում ենք: Ու մեկ էլ նկատում եմ այն ժամանակվա, եթե չեմ սխալվում՝ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, այժմ՝ երջանկահիշատակ Դավիթ Զադոյանին…

Հիշում եմ` հիմա արդեն է՛լ ավելի հեռավոր թվացող 1993-ին, երբ Դավիթ Զադոյանը պարենի ու մթերումների նախարարն էր կամ, ինչպես երբեմն ասում էինք, հացի մինիստրը, ինչ-որ տեղեկություններ ճշտելու համար, մի քիչ էլ օգնականի, թե էլ ում հետ կռիվ-ղալմաղալ անելով, մտավ իր աշխատասենյակ: Սովորական, անպաճույճ մի կաբինետ:

Զադոյանն անպիսի հոգնատանջ տեսք ուներ այդ պահին, որ հարցեր տալս չեկավ: Ճիշտ է` ինքն ամեն դեպքում պատասխանեց, այն, ինչը հրապարակման այնքան էլ ենթակա չէր, բայց ինչը անասելի կարևոր էր պատերազմող ու շրջափակված ժողովրդի համար՝ ցորենով բեռնված էշելոնը անկորուստ հասցվել է Հայաստան…

Հետո, շատ հետո ուրիշ մանրամասնություններ էլ էին պատմում, ուրիշ մարդիկ, ոչ ինքը: Պատմում էին, որ այն ժամանակվա առավել քան անհանգիստ Վրաստանի տարածքով Հայաստան եկող «պարենային» ու հատկապես՝ ցորենով գնացքները նախարարը հաճախ անձամբ էր ուղեկցում: Ասում էին նաև՝ զենքը ձեռքին: Ու տեղ էր հասցնում…

Իսկ 2000 թվի նախաաշնանային այդ օրը, իհարկե, բոլորովին այլ տրամադրություն էր, այլ իրավիճակ: Արդեն ոչ թե հացի, այլ արտադրական ենթակառուցվածքների նախարար, արդեն ոչ թե՝ գոնե կտրոնով հացն ապահովելու ալյուրի խնդիր, այլ՝ դեպի Արցախի մայրաքաղաք՝ տոնական առիթով…

Մագնիսական բևեռը Կանադայից «գաղթել» է Ռուսաստան, կամ կարևորը օդանավերն անշեղ լինեն

Դավիթ Զադոյանը առաջ եկավ ու իմիջիայլոց հետաքրքրվեց, թե լրագրողների ու վարորդների համար որտեղ են «հաց դրել»: Ինչ-որ մեկը թիկունքի կողմից պատասխանեց, թե դեռ չեն որոշել, հիմա «մի բան կանեն»: Պատասխանողն ի՞նչ իմանար, որ Դավիթ Զադոյանը առանց կատակի կվրդովվի.

-Ո՞նց թե մի բան կանեք:

Էս խոսքերի հետ շրջվեց դեպի սկուտեղակիրները ու հակաճառություն չընդունող տոնով կարգադրեց.

-Էս ի՞նչ բեսեդկա-սեղան է: Էդ ուտելիքը հենց էստեղ դրեք, անհրաժեշտ ինչ պետք է, բերեք, դասավորեք:

Սպասարկող անձնակազմից մեկը փորձեց այնուամենայնիվ հակաճառել.

-Բայց պարոն Զադոյան, սա նախարարների համար…

Խոսքը բերանում մնաց, որովհետև Զադոյանը շրջվեց դեպի համարձակվածն ու.

-Է-էհ: Նախարարները ոչինչ, կդիմանան, դրանք հա էլ ուտում են ու կուտեն: Առաջ լրագրողներին հաց տվեք…

Ու բոլորս համերաշխ ժպտացինք: Վերջին հաշվով՝ հացի նախարարն ավելի լավ գիտի, թե առաջինը ում հաց տան:

Մեկ-երկու օր անց, Ստեփանակերտից վերադառնալիս, էլի Բերձորում կանգ առանք, բայց դա արդեն մեկ այլ հիշողություն է: