ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում, ինչպես և սպասվում էր, պայքարը թեժ է։ 11 բնակավայր ընդգրկող համայնքում՝ նախկին Աշոցքում, որն ընդգրկում է Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար համայնքները, մեկ ղեկավար են ընտրելու: Ի դեպ, թեկնածուները 7 են, նրանցից մեկը` ՀՀԿ, 3-ը` «Քաղաքացիական պայմանագիր», 1-ը` ՀՅԴ և 2-ն էլ անկուսակցական են:
Թեկնածուներից Արթուր Ալոյանը, որը լինելով համայնքապետ և դեռ պաշտոնավարման 3 ամիս ունենալով, հրաժարական տվեց, ինչպես ինքն է ասում՝ հետևելով ՀՀ վարչապետի խորհրդին։ ««Հանրապետական» էի` նախկին իշխանությունների ժամանակով ընտրված, և վարչապետը տարբեր ամբիոններից ասում էր, որ «ճիշտ ձևով» ընտրված չենք և խորհուրդ էր տալիս հրաժարվել ու նորից ընտրությունների մասնակցել: Ես էլ որոշեցի հետևել այդ խորհրդին»,–մեզ հետ զրույցում ասում է Ալոյանը:
Ի դեպ, Ալոյանը մինչ համայնքի խոշորացումն ավելի քան 11 տարի ղեկավարել է Աշոցք գյուղը:
Հավելենք`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից թեկնածուներն ինքնաառջադրված են:
Համայնքապետի աթոռի համար պայքարում են նաև համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը:
Աշոցքում գործում է 12 ընտրական տեղամաս: Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, տեղամասերը բացվել են ժամանակին, այս պահին դեռ հանձնաժողովներից բողոք չեն ստացվել: