Հայ-ռուանդական հարաբերությունների ակտիվացումն են քննարկել 2 երկրների ԱԳ ղեկավարները

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է համակողմանի համագործակցություն զարգացնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Գերմանիայում հանդիպել են Հայաստանի և Ռուանդայի ԱԳ ղեկավարները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռիչարդ Սեզիբերայի հանդիպումը:

Էլմար Մամեդյարովը չի բացառում Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է համակողմանի համագործակցություն զարգացնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուանդական հարաբերությունների առավել ակտիվացման և երկկողմ օրակարգի ընդլայնման ու հարստացման հեռանկարները՝ ուղենշելով առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Որպես համագործակցության գերակա ուղղություն առանձնացվել է թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառները: ԱԳ նախարար Մնացականյանը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու տվյալ ոլորտներում առկա փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:

Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերին՝ ԱԳ նախարարներ Մնացականյանը և Սեզիբերան կարևորեցին միջազգային հանրության ջանքերի համախմբումը կանխարգելման օրակարգի առաջմղման գործում: