Հայ-հունական ռազմական համագործակցությունը կխորանա. հանդիպել են պաշտպանության նախարարները

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Հունաստանի իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրել Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Աբու Դաբիում հանդիպել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հայկական ռազմարդյունաբերական տաղավարն Աբու Դաբիում. Տոնոյանն այցելել է IDEX-2019

«Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկեցին հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր։ Նշելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները` նախարարները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ռազմական համագործակցության խորացման հարցում»,–գրել է Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրել Հայաստան։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նա մասնակցելու է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։