ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Էմանուել Մակրոնի՝ կապված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր սահմանելու մասին որոշումը ու խորհուրդ է տվել ավելի լավ սովորել պատմությունը։
«Նա քաղաքականության մեջ նորեկ է, թող պատմությունն ավելի լավ սովորի։ Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել», - ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքի եթերում՝ առաջին անգամ մեկնաբանելով այդ թեման։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել էր փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Ի պատասխան Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Թուրքիան հավատարիմ է մնում Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականությանն ու քննադատում է Ֆրանսիայի նախագահի որոշումը։
Նշենք, որ 2001 թվականին Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ նահանգների զգալի մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։