Անկողնում իրար խանգարող զույգերի համար հատուկ մահճակալ է ստեղծվել. տեսանյութ

«Խելացի» անկողինը հասկանում է, որ քնածներից մեկը չափն անցել է ու մտել ուրիշի տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Աշխարհահռչակ «Ֆորդ» ընկերությունը հատուկ մահճակալ է ստեղծել իրար անհանգստացնող զույգերի համար։ Այս մասին հայտնում է dailymail–ը։

Ընկերության աշխատակիցները զրուցել են «Ինչպես քնից հագենալ» գրքի հեղինակ Նիլ Սթենլիի հետ և հասկացել, որ քնած ամուսինների` մեկը մյուսի տարածք ներխուժելը կարող է հանգեցնել հարաբերությունների դադարեցման։ Նրանք որոշել են լուծել այս խնդիրը և հատուկ մահճակալ են ստեղծել։ Եթե քնած զույգերից մեկը փորձի դուրս գալ իր համար նախատեսված տարածքից, անկողինը կխանգարի նրան և տեղը կվերադարձնի։

Հատուկ սենսորներն ակտիվանում են, երբ «ներխուժողը» մյուս կողմն է անցնում, և մահճակալը ներկառուցված հատուկ գոտու օգնությամբ նրան զգուշորեն տեղափոխում է իր համար նախատեսված տարածք։

Այս նույն տեխնոլոգիան օգտագործվում է նաև մեքենաների դեպքում, եթե վարորդը որոշում է դուրս գալ իրեն հատկացված երթևեկելի գոտուց։

«Մահճակալային» նախագիծը դեռ չի մտել շուկա։