ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Շվեդ գիտնականները ներկայացրել են ամենաառեղծվածային պատմության՝ 1959 թվականին Հյուսիսային Ուրալում Դյատլովի խմբի լեռնագնացների մահվան սեփական վարկածը։ Այս մասին հայտնում է Aftonbladet պարբերականը։
Հետազոտողներ Ռիչարդ Հոլմգրենը (Richard Holmgren) և Անդրեաս Լիլերգենը 60 տարի անց որոշել են գտնել ճշմարտությունն ու անցնել Դյատլովի խմբի ճանապարհով։ Նրանք 50 աստիճան սառնամանիքին գիշերել են վրաններում ու խորհրդային արշավականների զանգվածային մահվան սեփական վարկածն են ներկայացրել. մահվան պատճառը կարող էր լինել սաստիկ քամին։
«Կարծում եմ՝ արշավականները վախեցել են, որ քամին վրանները կքշի և իրենք չեն կարողանա վերահսկել իրավիճակը։ Ես ինքս Արարատ լեռան վրա հայտնվել եմ նման քամու մեջ, եթե դու նման բան չես ապրել, չես պատկերացնի», - պարբերականը մեջբերում է Հոլմգրենի խոսքերը։
Նրա կարծիքով՝ մարդիկ կարող էին մթության մեջ սառչել ու չկարողանալ դուրս գալ քնապարկերի միջից։
Արշավախմբի մասնակիցները կարծում են, որ Դյատլովի խմբի մահվան առեղծվածներից շատերը բացատրություն ունեն։ Օրինակ` գիտնականները կարծում են, որ նրանց կրծքավանդակները կարող էին կոտրված լինել մահից հետո, ձյան ճնշման տակ, քանի որ մարմիններն առնվազն 2,5 ամիս հետո էին գտել։ Իսկ կանանցից մեկի աչքերի ու լեզվի բացակայությունը փտելու հետևանք է, քանի որ նա դեմքով ընկած է եղել հոսող առվի մեջ։
Իգոր Դյատլովի ղեկավարած արշավախումբն անհայտ հանգամանքներում մահացել է 1959 թվականի փետրվարի 2-ի գիշերը Հյուսիսային Ուրալում։ Լեռնագնացների մահվան ավելի քան հարյուր վարկած կա` սկսած դժբախտ պատահարից, մինչև ռազմական տեխնիկայի փորձարկում։
Հայտնի է, որ Սվերդլովսկի մարզի դատախազները` գեոդեզիայի և քարտեզագրության մասնագետների, ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ, մարտին Դյատլովի լեռնանցք են մեկնելու՝ արշավախմբի մահվան պատճառը պարզելու համար։ Դատախազությունը 60 տարի անց սկսել է զբաղվել այդ գործով մահացածների բարեկամների խնդրանքով և ԶԼՄ-ների ու հասարակության հետաքրքրության պատճառով։