«Գազպրոմ Արմենիայի» եկամուտները նվազել են. Հայաստանի տնտեսությունը հենված է ծխի վրա

Ինչպիսի՞ պատկեր ունի Հայաստանի տնտեսությունը 2018թ–ի տվյալներով։ ՊԵԿ–ի հրապարակած խոշոր հարկատուների ցանկը որոշ հետաքրքիր իրողություններ է բացահայտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. «Գազպրոմ Արմենիան» այլևս Հայաստանի ամենախոշոր հարկատուն չէ։ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկում առաջին հորիզոնականն այս տարի վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ զբաղեցնում է մեկ այլ ընկերություն։

Պետական եկամուտների կոմիտեն հարկատուներին կոչ է անում կարդալ էլեկտրոնային նամակները

2018թ–ի հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարած հարկերի չափով առաջին տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն անցնող տարվա ընթացքում 42 222 227 000 դրամ հարկ է վճարել։

Իսկ «Գազպրոմ Արմենիայի» հարկային մուտքերը 2018թ–ին 39 982 390 000 դրամ են կազմել։ Այդ ցուցանիշով ընկերությունը հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակի 3-րդ հորիզոնականում։

«Գազպրոմ Արմենիայից» առաջ է անցել նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2017թ–ին 5-րդ հորիզոնականում էր։ Այս ընկերությունը 2018թ–ին 41 047 831 000 դրամ հարկ է վճարել` 2017թ–ին վճարած 18,7 մլրդ–ի փոխարեն։

Խոշոր հարկ վճարողների ցուցակում 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է հեղուկ վառելանյութի շուկայում գործող «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնը», որի հարկերը 2017-ի համեմատ ևս աճել են 5,8 մլրդ դրամով (2017թ–ին` 12 600 000 000, 2018թ–ին վճարված հարկերը`18 403 000 000):

5-րդ հորիզոնականում է «Գեոպրոմայնինգ Գոլդն» է, որի հարկային վճարներն ավելացել են 3,4 մլրդ դրամով (2017թ–ին վճարված հարկերը`12 500 000 000, 2018-ին` 16 819 631 000):

6-րդ հորիզոնականում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգն» է։ Այս ընկերությունը, ի տարբերություն նախորդների, 2018 թվականին ավելի քիչ հարկ է վճարել։ 2017 թվականին ընկերությունը 21,5 մլրդ դրամ հարկ էր վճարել, 2018-ին` 16,2։

Պետք է հասկանան` իրենց չվճարած հարկերը գողանում են թոշակառուից, զինվորից. Փաշինյան

7-րդ հորիզոնականում «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է, 8-րդ հորիզոնականում` «Ֆիլի Մորիս Արմենիան», 9-րդում` «Ինթերնեշնլ Մասիս Տաբակը»։

Խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է «Ֆլեշ» ընկերությունը։

2018թ–ի խոշորների տասնյակից դուրս են մնացել «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որն 2017թ-ին Հայաստանի 3-րդ խոշոր հարկատուն էր, իսկ անցյալ տարվա տվյալներով` 11-րդը։

Հատկանշական է, որ 2018թ–ի խորոշ հարկատուների տասնյակում հայտնված ընկերություններից 3-ը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ, վերամշակմամբ ու ներկրմամբ։

Այս պայմաններում ՀՀ կառավարությունը որոշել է պայքար մղել ծխախոտի դեմ` խիստ արգելքներ սահմանելով դրա տարածման, վաճառքի ու իրացման նկատմամբ։