ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Փետրվարի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին են ներկայացվել ոստիկանության տարածքային բաժիններում կատարված բացահայտումների թվային տվյալները։
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, Օսիպյանին դրանք չեն գոհացրել։ Նա ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է անձնական ուշադրության կենտրոնում պահել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխման ու բացահայտման աշխատանքները, ինչպես նաև սեղմ ժամկետում իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ` իրավիճակը շտկելու և բացահայտումների դրական դինամիկա ապահովելու համար:
Ոստիկանապետը հանձնարարել է անցնել ուժեղացված ծառայության, առավել արդյունավետ պայքար մղել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների անօրինական շրջանառության և կոռուպցիայի դեմ:
Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ քաղաքացիներից դեռևս ստացվում են բողոքներ՝ գիշերային ժամերին հրավառությունների վերաբերյալ։ Օսիպյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել այս ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությանն էլ հանձնարարել է առավել ինտենսիվ ծառայություն կազմակերպել մայրաքաղաքում խցանումները բացառելու ուղղությամբ:
Օսիպյանն անդրադարձել է նաև կադրային քաղաքականությանը` նշելով, որ անհրաժեշտ է համակարգը համալրել բացառապես որակյալ կադրերով:
Իսկ լավ աշխատանքով աչքի ընկած կադրերից մեկը` Երևանում ավազակային հարձակումը կանխած ենթասպա Սևակ Բադալյանը, ոստիկանապետից պարգևատրում է ստացել։