ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnk. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ խոսել է Եվրոպայի երկու լիդերների՝ Անգելա Մերկելի և Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի մասին։
«Ես ուզում եմ անկեղծ խոստովանություն անել Եվրոպայի 2 լիդերների մասին։ Առաջինը՝ Անգելա Մերկելն է, երկրորդը՝ Լիտվայի նախագահը։ Այս 2 անհատներն ինձ ցնցել են և զարմացրել այն հոգատարությամբ ու խանդաղատանքով, որով նրանք վերաբերվել ու վերաբերվում են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Առաջին մեր խոսակցությունից զգացել եմ էն ջերմությունը, էսպես ասած, էն վախը, որ հանկարծ էս ամենը չձախողվի՝ զգույշ կլինես էստեղ, էս մի բանը էսպես չանես, այ սենց խնդիր կա, իմ փորձից գիտեմ, և այդ հոգատարությունը իմ զգացած ամենացնցող դրվագն է և կոնկրետ Անգելա Մերկելի հետ կապված, և դա շատ հուզիչ պահ է։ Ես իրենց անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ, ասոցիացիան էդպես է։ Երբ որ նրանք այնպիսի խանդաղատանքով են վերաբերում էս ամեն ինչին, ինչպես հարազատ մայրը, քույրը կամ ընտանիքի անդամները կարող են վերաբերել այս ամենին»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ այդ ամենում աշխարհաքաղաքական ոչ մի թակարդ, ոչ մի նենգություն չկա։
«Կար մարդկային, սովորական, պարզ հոգատարություն մի երևույթի համար, որ իրենց համար էլ անհասկանալի է, բայց, չգիտեմ ինչի, իրենց համար էլ դարձել է շատ սիրելի»,– ասաց նա։
Նշենք, որ Փաշինյանն իր գրքի ընթերցողների անկեղծ զրույց է ունեցել ու պատմել նաև ընդհատակի, բանտի և վարչապետի կարգավիճակում իր ունեցած զգացողությունների մասին։