Գևորգ Կոստանյանը պաշտոն կստանա ԱԱԾ–ում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` նախկին գլխավոր դատախազը կարող է դառնալ Արթուր Վանեցյանի տեղակալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»,– նշված է հոդվածում:

Հիշեցնենք` հունվարի 29-ին նույն թերթը գրել էր. «Կոստանյանը լինելով գիտությունների դոկտոր՝ քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար: Սակայն այդ պաշտոնը Կոստանյանի համար ընդամենը տրամպլին է լինելու, որովհետև շատ կարճ ժամանակ անց նա կա՛մ կզբաղեցնի ՀՔԾ պետի, կա՛մ Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը»։

Մի քանի ժամ անց ՀՔԾ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունում պետի տեղակալի թափուր հաստիք չկա, և նման քննություն չի անցկացվել։ Ծառայությունն իր հաղորդագրությամբ, ըստ էության, հերքեց օրաթերթի հրապարակած տեղեկությունը։

ՀՔԾ–ն միաժամանակ նաև «Ժամանակ» օրաթերթին հորդորել էր զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց ու ապատեղեկատվություն տարածելուց: