Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ

ՀՀ նախագահի աշխատակազմը հերքում է մամուլում տարածված լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իր հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա գործունեության վերաբերյալ, մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը»,– նշված է հայտարարության մեջ:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ Արմեն Սարգսյանն իր լիազորությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Մասնավորապես անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Սարգսյանը նախաձեռնել և անցկացրել էր խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, իսկ վերջերս հանդիպել էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այդ և նմանատիպ հանդիպումների մասին տրվել է և կտրվի համապատասխան տեղեկատվություն:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու հետևողական գործողություններից:

Նշենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ և ստվերային կերպով հովանավորում է այդ քաղաքական ուժին: Թերթը գրել էր նաև, որ Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում այդ կուսակցության ներկայացուցիչների հետ։