Էլմար Մամեդյարովը չի բացառում Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հավանական հանդիպման մասին հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում կարող է հանդիպել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և քննարկել երկու երկրների առաջնորդների հանդիպման հնարավորությունը։ Մամեդյարովն այս մասին ասել է ՌԻԱ Նովոստիին։

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովն անցկացվելու է փետրվարի 15-17-ը։ Համաժողովին կմասնակցեն նաև երկու երկրների պատվիրակությունները։

«Կարծում եմ` այդ թեման կքննարկվի հայաստանցի իմ գործընկերոջ հետ հանդիպման և, իհարկե, ՄԽ համանախագահների այցի շրջանակում», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մնացականյանի հետ հանդիպումը կարող է Մյունխենում կայանալ, ադրբեջանցի նախարարն ասել է, որ «ոտքի վրա, հավանաբար, անպայման, կհանդիպենք»։

«Մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն հանդիպելու համար», – ասել է նա։

Հիշեցնենք, որ Մնացականյան–Մամեդյարով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունվարին Փարիզում, Փաշինյանի և Ալիևի նախապես չհայտարարված հանդիպումը` հունվարի 22-ին Դավոսում։