Արսեն Մկրտչյանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը՝ մեղադրանքի մի մասով

Փաստաբանն առհասարակ կշարունակի լինել գեներալ-լեյտենանտի դատապաշտպանը, քանի դեռ նա դրա կարիքն ունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվար — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ դադարեցնում է Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով:

Մկրտչյան. «Կալանքը միանշանակ ազդել է Մանվել Գրիգորյանի առողջության վրա»

Այս լուրը փաստաբանը հաստատեց Sputnik Արմենիայի հետ զրույցում:

«Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով»,-ասաց նա:

Փաստաբանը շեշտեց, որ առհասարակ կշարունակի լինել գեներալ-լեյտենանտի դատապաշտպանը, քանի նա դրա կարիքն ունի:

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել  նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին,  38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Հիշեցնենք, նաև որ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերից մեկի ավարտից հետո` հունվարի 11-ին Վերաքննիչ դատարանի բակում հավաքվածները թքել էին Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա, ապա դրա վրա ներկ լցրել։