ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ոռոգման ջրանցքների մաքրման գործում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ներգրավել տվյալ համայնքների բնակիչներին։
Վարչապետը նշեց, որ հայաստանյան համայնքներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետությունը պետական միջոցներով ստիպված է լինում շտկել այն խնդիրները, որոնք ստեղծել են հենց տվյալ համայնքի բնակիչները։
«Օրինակ` ջրանցքները օգտագործվում են որպես աղբանոցներ, աղբը լցնում են այնտեղ։ Ջարդուփշուր ենք անում, այդ թվում` «լևի» գծեր քաշելով ու աջ ու ձախ կաշառքներ տալով։ Հետո մենք գումար ենք հատկացնում, որ ջրանցքների աղբը մաքրվի, որովհետև, եթե կառավարությունը չաշխատի, համայնքում ոռոգում չի լինի»,– ասաց վարչապետը։
Խնդիրների պատճառը Փաշինյանը տեսնում է ոչ միայն քաղաքացիների վարքագծի ու հոգեբանության մեջ, այլև տեղական ինքնակառավարման ընտրությունների անցկացման։
«Քաղաքացիներն ընտրում են ոչ թե այն տրամաբանությամբ, թե ով այդ հարցերը կլուծի իրենց համայնքում, այլ ում հետ ինչ բարեկամ են, ինչ շահեր ունեն, ով ինչքան է ընտրակաշառք տալիս, ով ինչ ապօրինի ծառայություն է խոստացել իրեն»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ տնտեսական վարքագծի փոփոխություն ասելիս իշխանությունը նաև նկատի ջրանցքները չաղտոտելն ու կաշառքով ընտրություն չանելը։
ՀՀ վարչապետը կարևորեց, որպեսզի ոռոգման սեզոնի նախապատրաստմանը ներգրավվեն նաև համայնքների բնակիչները, որ հետագայում խնամքով վերաբերվեն իրենց համայնքային գույքին։