Կառավարությունում հաշվարկում են կրճատվողների թիվը և ելքեր որոնում

Կառավարության օպտիմալացման մեխանիզմներով ու դրանց հետևանքներով զբաղվում է փոխվարչապետի գրասենյակը։ Կրճատվողների թիվը դեռ հաշվարկման փուլում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Պետական ապարատի կրճատումների հարցով ու հնարավոր հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Այդ ուսումնասիրությունների արդյունքում պարզ կդառնա, թե քանի հոգի կկրճատվի և քանի հոգի մի տեղից այլ տեղ միգուցե կտեղափոխվեն»,– ասաց Աղաջանյանը։ Այդուհանդերձ, նրա խոսքով, կառավարության համար այս պահին կարևորագույնը գործադրի ֆունկցիոնալ արդյունավետության բարձրացումն է։

Օպտիմալացման նպատակը գումար խնայելը չէ. Փաշինյանը բացեց փակագծերը

Աղաջանյանը չհերքեց, որ կրճատվողների հաշվին, բարձրանալու են մնացողների աշխատավարձերը, իսկ թե որքանով կբարձրանան, դժվարացավ ասել, բայց և նշեց, որ մասնավոր հատվածում աշխատավարձերը նույն աշխատանքի դիմաց տասնապատիկ ավելի են։

Աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց, որ օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցրած անձանց հետ կապը կառավարությունը պահպանելու է, տվյալները` գույքագրելու, որպեսզի ՀՀ–ում առկա թափուր աշխատատեղերում փորձեն նրանց աշխատանքի տեղավորել։

Այսօր պաշտոնական տվյալներով, Հայաստանում 2000–ից ավելի թափուր աշխատատեղեր կան, բայց դա Մհեր Գրիգորյանի խոսքով, ամբողջական տվյալ չէ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ոլորտում ուսումնասիրություններ է իրականացնում, որոնց ավարտին հայտնի կլինի, թե ինչքան աշխատատեղ կա իրականում ու ինչ աշխատատեղեր են դրանք։

Հիշեցնենք` կառավարությունն արդեն հրապարակել է «Կառավարության գործունեության ու կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, բայց այն այսօր էլ չէր ներառվել կառավարության նիստի օրակարգում` ընդունման համար։

Կառավարության նոր կառուցվածքի մասին օրենքը, որով նախատեսվում է գործող 17 նախարարությունները վերամիավորելու արդյունքում ունենալ 12–ը, կառավարության ընդունումից հետո միայն կներկայացվի ԱԺ հաստատմանը։