Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել նոր հյուրանոցի բացմանը

ՀՀ վարչապետը շրջել է հյուրանոցով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել աշխարհահռչակ IHG հյուրանոցային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը:

Ներդրումային ծրագիրն իրականացրել է «Հարմոնի Ինթերնեյշընալ» ՍՊԸ-ի հիմնադիր/նախագահ Ղուկաս Գրիգորյանը: Հյուրանոցի կառուցման աշխատանքները տևել են երեք տարի, կատարվել է շուրջ տասնյակ մլն դոլարի ներդրում, ստեղծվել է 50 նոր աշխատատեղ:

Կառավարության ղեկավարը շրջել է հյուրանոցով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և ընդհանրապես Հայաստանում նոր հյուրանոցների կառուցման նախաձեռնությունները, որոնք զբոսաշրջիկներին կմատուցեն բարձրակարգ ծառայություններ և հարմարավետ պայմաններ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն իր հերթին տեղեկացրել է, որ 2018 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1,6 միլիոնի և գործադիրի նպատակն է այդ ոլորտում տարեկան ապահովել 7-10 տոկոս աճ:

«Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում առկա է 130 սենյակ, ինչպես նաև կահավորված հանդիպումների սրահ։ Նախասրահը հագեցած է համակարգիչներով, հարմարավետ նստատեղերով, լիցքավորող սարքերով և գերարագ Wi-Fi ինտերնետով:

Այնուհետև կառավարության ղեկավարը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ շրջել է Երևանի Գլխավոր պողոտայի այգում՝ ծանոթացել այստեղ կատարված վերակառուցման աշխատանքներին: