Լիլիթ Մակունցը խոստանում է դատի տալ դերասան Վիգեն Ստեփանյանին, եթե նա չապացուցի իր ասածը

Նախկին նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ–ում իր հանդիպումն արվեստագետների հետ տեսագրվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ, նախկին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խոստանում է զրպարտության համար դատի տալ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, եթե վերջինս հրապարակավ ներողություն չխնդրի իրենից։

Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել հացադուլ հայտարարած ռեժիսորի հետ զրույցից

Այս մասին նախկին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում` հրապարակելով նաև տեսաձայնագրությունը, որտեղ «Ա1+»–ի եթերում Վիգեն Ստեփանյանն ասում է, որ իրեն հասած տեղեկությամբ Լիլիթ Մակունցը նախարար եղած ժամանակ ԱՄՆ հանդիպել է հայ արվեստագետների հետ։ «50 անց մի կին հարցրել է, թե ինչու են անտեսվում տարիքն առած արվեստագետները։ Մակունցն ասել է` ավագ սերունդը կոռումպացված է։ Հիմա ինձ հետաքրքրում է` ես ներկայացումից առաջ ասել եմ` ժողովուրդ ջան, մարդա 200 դրամ հավաքեք լավ խաղամ, չեմ հասկանում` մենք ո՞նց ենք կոռումպացվել»,–պատմում է Ստեփանյանը և հիշեցնում, որ այդ նույն ավագ սերունդը փողոցներում էր, հրապարակում էր և սատարում հեղափոխությանը։

Տեսանյութից բարկացած Մակունցը գրել է. «Այստեղ (22-րդ րոպեից) հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ:

Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին»,–գրել է Մակունցը:

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ–ում իր հանդիպումն արվեստագետների հետ տեսագրվել է: