«Տոյոտաներն» ու «Նիսանները» կմնան Հայաստանում, «Պատրիոտները» կգնան Արցախ

Կառավարությունը որոշեց 45 ավտոմեքենա հետ վերցնել ՊԵԿ–ից ու դրանք հանձնել այլ գերատեսչությունների։ Մի մասն էլ կուղարկեն Արցախ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՊԵԿ–ի ենթակայության տակ գտնվող 45 ծառայողական ավտոմեքենաները հետ վերցնելու ու դրանք այլ գերատեսչությունների վերաբաշխելու մասին։

Նախագիծն ընդունվեց առանց քննարկման։ Ընդ որում, առաջարկի հեղինակը հենց պետեկամուտների կոմիտեն էր։

Կանաչ լույս` աջ ղեկով ավտոմեքենաների համար, բայց ոչ բոլորի

Կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից պարզ է դառնում, որ 45 ավտոմեքենաներից 28-ը կտրամադրվեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։ Ավտոմեքենաների հիմնական մասը 2007-11թթ–ի արտադրության Տոյոտա-Կորոլլաներ են, 3-ը` Միցուբիշի Պաջերո, 1 Վազ-22074, 1 Հյունդայի Ն-100` 2003 թ.–ի արտադրության, 1 ԲՄՎ 735i` 2002 թ.–ի արտադրության և 1998 թ.–ի արտադրության Շևրոլե։

ՀՀ քննչական կոմիտեն ՊԵԿ–ից կստանա 5 ավտոմեքենա` ՈւԱԶ-Պիկապ և Պատրիոտ, 1 Ռենո-Լոգանև 1 Տոյոտա-Կորոլլա։

Գրեթե նույն կազմ ունեն նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հատկացված ավտոմեքենաները:

Իսկ ահա Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանը բացառապես 2015 թ.–ին արտադրված ՈւԱԶ-Պիկապ և ՈւԱԶ Պատրիոտներ է նվիրաբերել։

Այս որոշումը կառավարությունը հիմնավորում է ՊԵԿ ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու և բյուջեից հատկացվող գումարներն օպտիմալացնելու նպատակով։

Իսկ թե որոշման իրականացումն արդյունքում որքան գումար կխնայվի, կառավարության որոշումման նախագիծը չի հստակեցնում։