Բուհերում պետպատվերի տեղերը սահմանվում են «ավանդույթով»

Կրթության և գիտության նախարարությունում պարզել են, որ տասնամյակներ շարունակ որևէ ուսումնասիրություն չի արվել, թե որ մասնագիտությունների համար է պետությունը գումար վճարում ու կա արդյոք դրանց պահանջարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Բուհերում պետպատվերի տեղերը սահմանվում են կամայականորեն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով` աշխատաշուկայի որևէ ուսումնասիրություն դրանք սահմանելուց առաջ չի արվում։ Հայտնի չէ, թե որ մասնագիտություններն ինչ պահանջարկ են ունենալու առաջիկա տարիներին։

«Սա ավանդույթով եկած անընդհատ ընդունվող որոշում է եղել տասնամյակներ շարունակ, որը պետք է անպայման վերանայենք»,– ասաց Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ նախարարությունում արդեն մեկնարկել է այս տարվա բուհական ընդունելության պետպատվերի տեղերի հաշվառումը, որի ընթացքում էլ բացահայտվել են ոլորտում առկա խնդիրները։