Աջ ղեկով մեքենա ներկրողներն ապշել են ՀՀ իշխանության որոշումից

Կառավարությունը որոշեց թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը, բայց բազմաչարչար օրինագծում բավականին վիճահարույց փոփոխություններ են կատարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարության` աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ոչ միանշանակ որոշումն ապշեցրել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Նրանք պատրասվում են շտապ խորհրդակցություն հրավիրել` գործողությունների հետագա պլան մշակելու համար։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց նախաձեռնության մասնակից Զորիկ Իգիթյանը։

Կանաչ լույս` աջ ղեկով ավտոմեքենաների համար, բայց ոչ բոլորի

Այսօր կառավարությունը փոփոխություններ կատարեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրինագծում։ Հայաստան հնարավոր կլինի ներկրել միայն այն ավտոմեքենաները, որոնք կուտակվել են «Բագրատաշեն» հսկիչ–անցակետում։

Հիշեցնենք` 2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։ 2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ էր մտել աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։Իսկ իրավիճակից ելք գտնելու հարցում հուսալքված ներկրողները, բառացիորեն շուրջ 800 ավտոմեքենա էին թողել հայ–վրացական սահմանին` արգելափակելով անցակետի աշխատանքը։

Մշակված փոխզիջման հիման վրա` աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թ.–ի դեկտեմբերի 30–ը, կարելի է Հայաստան բերել մինչև 2019 թ.–ի ապրիլի 1–ը` առանց ղեկը փոխելու։

Սակայն այսօր իշխանությունները որոշեցին, որ դա վերաբերվելու է միայն «Բագրատաշենում» թողած մեքենաներին։

«Խոսքը պետք է վերաբերի այն մեքենաներին, որոնք արդեն գտնվում են մաքսային գոտում», – կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ որոշումը վերանայման ենթակա չէ։

Ինչպես կվարվեն մեքենաների սեփականատերերը, դեռ պարզ չէ, սակայն իրենց շոկային վիճակը նրանք չեն թաքցնում։ Իրավիճակի կպարզվի «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների շտապ խորհրդակցությունից հետո։