ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. «Ա1+» հեռուստաընկերությունը կմասնակցի հեռուստատեսային հաճախականության մրցույթին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց «Ա1+»–ի հիմնադիր և ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը։
Հեռուստատեսային հաճախականության մրցույթը տեղի կունենա 2020 թվականին։
«Երևի կմասնակցենք նոր ծրագրերով, նոր գաղափարներով։ Թե ինչ կստացվի, արդյունքը ցույց կտան։ Բայց հաստատ կմասնակցենք», – ասաց նա։
Մովսեսյանը խոսեց նաև այն մասին, թե ինչու «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերից հանվեց «Այբ-Ֆե+» տեղեկատվական ծրագիրը։ Նրա խոսքով` ամեն ինչ սկսվեց հեռուստաընկերության ղեկավարության փոփոխությունից։
«Ես սեփականատերերի հետ պայմանավորվածություններ ունեի, մենք տևական ժամանակ համագործակցում էինք։ Նոր սեփականատիրոջ դիրքորոշումն ինձ համար մի փոքր անհասկանալի էր, մենք որոշեցինք դուրս գալ ու ջանքեր դնել հետագա զարգացման համար», – ասաց «Ա1+»–ի ղեկավարը։
Մովսեսյանը խոսեց նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի մրցույթին մասնակցելու մասին։ Մարտի 1–ին ավարտվում է խորհրդի գործող նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը։
«Մրցույթը հետաքրքրեց ինձ, դա կապված է զուտ մասնագիտական ոլորտի հետ։ Ամենայն հավանականությամբ, կմասնակցեմ։ Կախված է նրանից` ինչպես կներկայացնեմ գաղափարներս ու ինչպես հանրությունը կարձագանքի այդ ծրագրերին», – ասաց Մովսեսյանը։
Նրա խոսքով` հիմա Հանրային հեռուստաընկերությունում անցումային շրջան է, և անհրաժեշտ է, որ «հանրային» հասկացությունն այդ հեռուստաընկերությունում իսկական դառնա։ Մովսեսյանը վերջնական որոշում կկայացնի մրցույթի մեկնարկի մասին հայտարարությունից հետո։
Ընդհանուր առմամբ նա հայաստանյան հեռուստատեսության մակարդակը ցածր է գնահատում։ Պատճառն այն է, որ տարիներ շարունակ հեռուստատեսային դաշտը ղեկավարվել է նույն կենտրոնից, որը հաճախ սխալ որոշումներ է կայացրել։
«Հաշվի առնելով նախկինում մեր երկրում տիրող վախի մթնոլորտը` այսօր մեր հեռուստատեսային դաշտը հետ է մնացել։ Տեղեկատվական դաշտն ընդհանուր առմամբ ավելի խայտառակ վիճակում է», – ասաց Մովսեսյանը։
Հիմա, նրա կարծիքով, ԶԼՄ–ները Հայաստանում կարող են ազատ շնչել, ու այդ ազատությունը պետք է ճիշտ օգտագործել։
«Զարգացման ճիշտ ուղի գտնելն այսօր արդիական հարց է», – կարծում է Մովսեսյանը։
Նա ավելացրեց, որ այսօրվա ղեկավարությունը դեռ «չի հասել» զանգվածային լրատվամիջոցներին. նրանք շատ անելիք ունեն։ Մովսեսյանի կարծիքով` ԶԼՄ–ները պետք է ինքնակարգավորվեն ու չպետք է թույլ տան իշխանությանը ներխուժել իրենց դաշտ։ Հատկապես, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում ասել է, որ նման փորձեր չեն լինելու։
Մովսեսյանը կարծում է, որ հայկական լրատվամիջոցները զարգանալու հնարավորություն ունեն, թեև ֆինանսական կախվածության պատճառով հավասար պայմաններում չեն։ Այդուհանդերձ, նրա կարծիքով, մոտ ապագայում իրավիճակն այդ ոլորտում կփոխվի։
Հիշեցնենք` «Ա1+»–ի «Այբ–Ֆե+» տեղեկատվական ծրագիրը 2012 թվականից հեռարձակվում էր «Արմնյուզով»։ 2019 թվականի հունվարին հեռուստաընկերության ղեկավարության փոփոխությունից հետո (Panarmenian Media Group–ից անցել է «Քառյակ մեդիա»–ին) հաղորդման հեռարձակումը դադարեցվեց։
«Ա1+» տեղեկատվական հեռուստաընկերությունը ստեղծվել է 1993 թվականին, հեռարձակումը դադարեցվել` 2002 թվականին։ Ավելի ուշ բացվել է a1plus կայքը։